ՄԻՊ․ Բերքաբերի գնդակոծության զեկույցը կուղարկվի մարդու իրավունքների միջազգային կառույցներին

ՄԻՊ․ Բերքաբերի գնդակոծության զեկույցը կուղարկվի մարդու իրավունքների միջազգային կառույցներին

PanARMENIAN.Net - Տավուշի Բերքաբեր գյուղի գնդակոծության զեկույցը կուղարկվի մարդու իրավունքների միջազգային կառույցներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը ենթարկվել է գնդակոծության։ Նման դեպքերը պահանջում են անհապաղ արձագանք: Ընդ որում, անհրաժեշտ է բացառապես պրոֆեսիոնալ աշխատանք ու որքան էլ բարդ է զայրույթը զսպելը, չպետք է տրվել էմոցինաների: Մենք ընդամենը 2 օրում հասցրինք իրականացնել փաստահավաք աշխատանքներ ու կազմել արտահերթ զեկույց»,- ասվում է գրառման մեջ։

Զեկույցը պարունակում է հետևյալ հիմնական հետևությունները՝

1) գնդակոծությունը տեղի է ունեցել քաղաքացիական խաղաղ բնակավայրի, այն է՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ՝ ցերեկային ժամի՝ 13:00-14:00-ի սահմաններում.

2) գնդակոծությունը տեղի է ունեցել խոշոր տրամաչափի զինատեսակի կիրառությամբ.

3) գնդակոծությունն առաջացրել է վախ երեխաների և անհանգստություն նրանց ծնողների մոտ.

4) գնդակոծությունն առաջացրել է երեխաների ծնողների անհանգստությունը՝ նման միջադեպի անկանխատեսելիության և անորոշության պատճառով.

5) կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի համընդհանուր կանոններն ակնհայտորեն վկայում են գնդակոծությամբ Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրին՝ Բերքաբեր գյուղին և գյուղի բնակիչների կյանքին և առողջությանը, նրանց գույքին վնաս հասցնելու մտադրության մասին.

6) գնդակոծությունը տեղի է ունեցել գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և տարեցների կյանքի ու առողջության, նրանց գույքի համար ակնհայտ վտանգավոր եղանակով.

7) 2020 թվականին Հայաստանի խաղաղ բնակավայրերը գնդակոծելու արդեն իսկ արձանագրված մի շարք դեպքերը վկայում են դրանց կրկնվելու իրական վտանգի մասին:

Արտահերթ զեկույցը կուղարկվի նաև ՀՀ Ազգային ժողով (բոլոր պատգամավորներին, ինչպես միշտ է արվել) և Արտաքին գործերի նախարարություն:

Մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան։ Վնասվել են բնակելի տների պատերը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---