19 հունվարի 2009 - 12:43 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն հնարավոր է համարում առաջիկայում ղարաբաղյան խնդրի սկզբունքների լուծման շուրջ պայմանավորվածության հասնելը
Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովը հնարավոր է համարում առաջիկայում Ադրբեջանի եւ Հայաստանի պայմանավորվածության ձեռք բերումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների լուծման շուրջ:

«Կարծում եմ, որ եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն, ապա հնարավոր կլինի պայմանավորվածության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ եւ անցնել համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին»,-հայտարարել է Յուրի Մերզլյակովը` հաղորդելով, որ միջնորդների տարածաշրջան այս այցի հիմնական նպատակն է նպաստաել նրան, որ կողմերը շուտափույթ ընդունեն իրեցն առաջարկված կարգավորման մադրիդյան հիմնարար սկզբունքները եւ շարունակեն բանակցությունները:

Իր հերթին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հաղորդել է, որ միջնորդների այս այցի ընթացքում կքննարկվի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ հունվարի 29-ին-փետրվարի 1-ին Դավոսում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Նախագահների այցը կախված կլինի մեր բանակցություններից Բաքվում եւ Երեւանում: Այս ամիս հիանալի շանս կա բանակցությունները շարունակելու համար: Հավատում ենք եւ հուսով ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը կկայանա»,-նշել է Մ.Բրայզան, հաղորդում է Day.az-ը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են: Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներից հետո համանախագահները կմեկնեն Երեւան: Ակնկալվում է, որ տարածաշրջանային այցի ավարտից հետո միջնորդները հանդես կգան հայտարարությամբ: