Քանի դեռ «Էրգենեկոնի» իրական առաջնորդներն ազատության մեջ են, Դինքի սպանության պատվիրատուներն անպատիժ կմնան

PanARMENIAN.Net - «Էրգենեկոնի» գործով կասկածյալները ակտիվ մասնակցություն են ունեցել Հրանտ Դինքի սպանության պլանավորմանը: Այդ մասին հայտարարել է 2007թ. հունվարի 19-ին սպանված «Ակոսի» գլխավոր խմբագրի փաստաբան Ֆեթիե Չեթինը: Նրա խոսքերով, քանի դեռ «Էրգենեկոնի» իրական առաջնորդներն ազատության մեջ են, Դինքի սպանության պատվիրատուներն երբեք չեն ձերբակալվի»,-նշել է Չեթինը:



Նկարագրելով Դինքի հետ իր վերջին հանդիպումը 2007թ. հունվարի 15-ին` Չեթինը նշել է, որ Դինքը երբեք լուրջ չէր վերաբերվում իր հասցեին հնչող սպառնալիքներին, սակայն այդ օրը շատ մտահոգ էր: «Նրան անհանգստացրել էր ստացված նամակը, որտեղ սպառնում էին նրա որդի Արատին ու «Ակոսի» աշխատակից Սարգիս Սերոբյանին: Առաջին անգամ Դինքը լրջորեն մտահոգված էր»,-ասել է Ֆեթիե Չեթինը: Նա նաեւ համոզվածություն է հայտնել, որ եթե Դինքին չսպանեին, նա որոշ ժամանակով լքելու էր երկիրը: «Իր հոդվածում նա կոչ էր անում հայերին ու թուրքերին ձերբազատվել ատելությունից, քանի որ դա համատեղ ապագա ստեղծելու միակ միջոցն է: Այդ հոդվածի պատճառով Դինքին մեղադրեցին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով: Այդ ժամանակ նա լիովին մեկուսացած էր հասարակությունից»,-ասել է Չեթինը:



Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլի իր գրասենյակի մուտքի մոտ ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով: Դինքի սպանության գործով դատավարությունը սկսվեց 2007թ. հուլիսին: Դատախազը պահանջել է սպանության անմիջական կատարող Օգյուն Սամաստին դատապարտել 18-24 տարվա ազատազրկման, իսկ սպանության նախաձեռնողներ Էրհան Թունջելին ու Յասին Հայալին` ցմահ բանտարկության: Դինքի սպանության գործով 19 մարդ է անցնում, հիմնականում` դրանք ազգայնամոլներ են Տրաբզոնից: Հերթական դատական նիստը կայանալու է փետրվարին: Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ սպանությունը կատարվել է Տրաբզոնի ոստիկանության աջակցությամբ, որն իրազեկ էր մահափորձին: Տրաբզոնցի երկու ոստիկաններ, որոնք լուսանկարվել էին մարդասպանի հետ թուրքական դրոշի ֆոնի վրա, կանչվել էին դատարան, սակայն այնուհետեւ արդարացվել էին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---