19 հունվարի 2009 - 19:40 AMT
Բենիտա Ֆերերո-Վալդներ. Մենք հուսով ենք, որ Արեւելյան գործընկերության միջոցով մենք կկարողանանք փոխանցել մեր փորձը Հայաստանին
«Եվրամիությունը ցանկանում է լավ հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ եւ հենց այդ նպատակով ենք մենք ներկայացուցչություն բացել հանրապետությունում: Այժմ մենք կարող ենք ասել, որ փորձագիտական խումբը ԵՄ հանձնաժողովի եւ Հայաստանի հետ համատեղ կօգնի երկրին իրականացնել բարեփոխումներ, որոնք կմոտեցնեն Հայաստանին ԵՄ չափանիշներին»,-ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

Ինչպես նշել է եվրահանձնակատարը, Եվրոպական հարեւանության քաղաքականությունն առաջարկում է պաշտոնական Երեւանին աջակցություն բարեփոխումների անցկացման եւ կոռուպցիայի դեմ պայքարում: Կատարելով Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի դրույթները` Հայաստանը քայլ առաջ կկատարի: «Մայիսի 7-ին տեղի կունենա առաջին գագաթնաժողովը Արեւելյան գործընկերության նախաձեռնությամբ, որին կմասնակցի նաեւ Հայաստանը, եւ որի ժամանակ կքննարկվեն առեւտրի, էներգետիկայի, վիզային ռեժիմի պարզեցման, սահմանների անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Մենք հուսով ենք, որ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում մենք կկարողանանք մեր փորձը հաղորդել Հայաստանին»,-ասել է Ֆերերո-Վալդներն` ընդգծելով, որ ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ ցանկություն տեսնել Հայաստանի կողմից բարեփոխումների իրականացման հարցում:

Իր հերթին ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանն ամեն կերպ սատարում է Արեւելյան գործընկերությանը: «ԵՄ նախաձեռնությունը նոր լծակներ կտա Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացման համար»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: