Թբիլիսին ոչ դիվանագիտական է որակել Թորոսյանի հայտարարությունը

Թբիլիսին ոչ դիվանագիտական է որակել Թորոսյանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «ոչ դիվանագիտական» է անվանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որը կասկածներ է հայտնել վրացական վիճակագրության վերաբերյալ։

Թորոսյանը մայիսի 22-ին Հանրային խորհրդի առցանց քննարկմանն ասել է, որ չի ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրագործվել։

«Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով, իհարկե։ Մեր հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական»,- ասել է նա ։

Գամկրելիձն «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է, որ զարմացած է նման գնահատականով։

«Ես անձամբ եմ ճանաչում Թորոսյանին։ Մի փոքր զարմանալի է, որ նա կարող էր նման բան հայտարարել։ Չեմ բացառում, որ, գուցե, լրագրողներն են սխալ մեկնաբանել նրա խոսքերը։ Մենք շատ մոտ ժողովրդներ ենք․․․ Զարմանալի է նրանից նման ոչ դիվանագիտական հայտարարություններ լսելը»,- ասել է նա, գրում է Аpsny.ge-ն։

Մինչդեռ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով վրացական կողմի արձագանքին, ֆեյբուքյան իր էջում գրել է` նախարարը խոսել է համակարգերի տարբեր լինելու մասին։

Նիկողոսյանը մեջբերել է նաև նախարարի խոսքը։

«Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանին, Ռուսաստանին. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»,- նշել է Թորոսյանը։

Վրաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ընդամենը 5 նոր դեպք է գրանցվել։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 728 է։ Փաստացի բուժվում է 207 անձ, 12 մարդ մահացել է։ Ապաքինվել է 509-ը։

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի