19 հունվարի 2009 - 20:06 AMT
ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրներին կարող է առաջարկել յուրահատուկ «Կայունության պակտ»
Հարավային Կովկասի երկրներին կարող է առաջարկվել Հարավ-Արեւելյան Եվրոպայի Կայունության պակտին նույնացող մի փաստաթուղթ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

Հարավ-Արեւելյան Եվրոպայի Կայունության պակտն իրենից ներկայացնում է միջազգային նախաձեռնություն, որը միավորում է բալկանյան տարածաշրջանի, ԵՄ, Ռուսաստանի, ԱՄՆ, միջազգային եւ ֆինանսական կազմակերպությունների մեծ մասի ջանքերը` Հարավ-Արեւելյան Եվրոպայի երկրներն իրենց` խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ու տնտեսական զարգացումը առաջ մղելու ջանքերում ամրապնդելու ճանապարհով տարածաշրջանում կայունության հասնելու նպատակով:
Կայունության պակտի մեխանիզմը պաշտոնապես շահագործման է հանձնվել 1999թ. հուլիսի 30-ին Սառաեւոյում կայացած գագաթաժողովին:

Հարավային Օսիայի ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին, թուրքական կողմի առաջարկի համաձայն, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: