Վլադիմիր Գասպարյանը սթափվելու կոչ է արել

Վլադիմիր Գասպարյանը սթափվելու կոչ է արել

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում սթափվելու կոչ է արել՝ նշելով, որ «իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է»:

Նա նշել է, որ կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն, և այսօր ՀՀ-ն այդ վիճակում է:

«․․․Անցած դարի կորուստներից առաջ էլ այսօրվա պես է եղել, և օդում կրկին կախված է կորստի տագնապը: Նախորդ ողբերգությունների համար ազդակ եղան Առաջին աշխարհամարտն ու հաջորդած քաղաքական վերադասավորումները: Հիմա ազդակը կորոնավիրուսի համավարակն է․․որը․․․մեր դեպքում ցույց է տալիս իշխանությունների գաղափարական ու կառավարչական ֆիասկոն»,- ասվում է գրառման մեջ:

Գասպարյանը հավելել է, որ դրա պատճառը վիրուսը չէ, վիրուսը բարձրացրել է վարագույրը, ու «շատերի համար աննկատ մնացածն ի հայտ է եկել ամբողջ այլանդակությամբ». «գաղափարախոսության, ինչպես ասում են՝ «իզմերի» բացակայություն, ցանկացած զարգացման զրոյացում, նախորդ 30 տարիներին պետության ու ժողովրդի կուտակած քաղաքական, տնտեսական, հոգևոր ռեսուրսների մսխում, հանրության մասնատում ու փոխադարձ թշնամանքի հրահրում, հրաժարում բնական դաշնակիցներից ու սիրախաղեր ավանդական թշնամու հետ»։

«Այս ճանապարհը մեզ արդեն երկու անգամ տարել է ցեղասպանության դուռը, ու երրորդ անգամ ենք կանգնած նույն ճանապարհին: Մեզ այնպես ենք պահում, կարծես բնակչությամբ Չինաստանն ենք, տարածքով՝ Ռուսաստանը, տնտեսությամբ՝ Ամերիկան, աշխարհաքաղաքական դիրքով՝ Շվեյցարիան... Եվ այս մեծամտության պատճառով անընդհատ կորցնում ենք: Կորցնում ու այդպես էլ չենք հասկանում, որ այսօր էլ գոյամարտի մեջ ենք ու պիտի ապրենք այդ կանոններով․․․ Իսկ ի՞նչ կարող ենք անել՝ գահավիժումը կանգնեցնելու համար»,- գրել է Գասպարյանը:

Ըստ նրա՝ պատմությունը հուշում է, որ պետք չէ հույսը դնել ժողովրդի իմաստնության ու իշխանությունների բացառիկության վրա․ «Սթափվե՛ք: Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը:Արդեն ձեռք ենք բարձրացրել Վեհափառի ու Եկեղեցու վրա, անվանարկել ենք Բանակը, Վազգենի ասած կռիվը ստորադասել ենք զանգվածային անկարգություններին, Շուշիի ազատագրման օրը դատել ենք Շուշին ազատագրողներին, վավերացրել ենք մեր երեխաներին այլասերման դատապարտող փաստաթղթեր...

Սթափվե՛ք… Խնդիրը ապաշնորհների ու անճարակների խմբակը իշխանությունից հեռացնելը չէ: Մեր հասարակության մտածողությունն է գլխիվայր շրջված: Պետք է ոտքի դնել: Պետք է բացատրել, որ մարդու գլխավոր իրավունքը ոչ թե սեռը փոխելու ազատությունն է, այլ չմորթվելու իրավունքը: Պետք է հիշեցնել, որ ոսկե հորթին ծառայելը մահացու է: Պետք է փաստել, որ մեր դժբախտությունների պատճառը պետականության բացակայությունն է, և իրավունք չունենք այս վերջինն էլ կորցնել:

Պիտի սթափվենք ու գործենք:Համոզված եմ, որ այդ սակավ ընտրյալները, իմ սիրած խոսքով՝ պետության մարդիկ, անպայման կգտնեն իրար, հոգով չպարտվածներն էլ կհետևեն նրանց»,- ասվում է գրառման մեջ:

2019-ի սեպտեմբերի 18–ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---