10-20 մլն դրամի վարկ ու դրամաշնորհ՝ 0-ից բիզնեսին ու նոր նախաձեռնություններին

10-20 մլն դրամի վարկ ու դրամաշնորհ՝ 0-ից բիզնեսին ու նոր նախաձեռնություններին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառմամբ՝ Կառավարությունը կօժանդակի ձեռնարկատիրական նախաձեռնություններին և դրանց զարգացմանը, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ օժանդակությունը կտրամադրվի ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողների։

«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ 0-ից բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասել է Խաչատրյանը:

Ծրագրով նախատեսվում է, որ Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25%-ը՝ որպես դրամաշնորհ։

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ՝ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7-10%՝ կախված ժամանակահատվածից, երբ կկայացվեն որոշումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով ծրագիրը, հայտնել է, որ պետությունը բիզնես-գաղափար ունեցողներին առաջարկում է մասնակցել դասընթացի, իսկ հաջող ավարտելու պարագայում կաջակցի մինչև 10 մլն դրամ վարկ և դրամաշնորհ ստանալու համար։

Նախատեսվում է, որ ծրագիրը մոտ 1000 շահառու կունենա։ Մոտավոր գնահատականով՝ 2020-ին ծրագրի համար տրվող գումարը կկազմի 750 մլն դրամ, հաջորդ տարիների համար՝ 1․5 մլրդ դրամ, ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարի։

Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների, խաղային բիզնեսի ու ֆինանսական կազմակերպությունների դեպքում: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:

Աջակցությունն առավելապես ուղղված կլինի Երևանից դուրս սկսնակ բիզնեսներին։

Մայիսի 27–ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ Կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացման համար Կառավարությունը մինչ այս 18 ծրագիր էր մշակել՝ ուղղված բիզնեսին, սոցաջակցության կարիք ունեցողներին, ուսանողներին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---