Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը` 102-ամյակը։

Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում։ Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:

Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության առաջին տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:

Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվել է 1968 թվականին:

2020-ի մայիսի 28-ին մուտքը Սարդարապատի հուշահամալիր փակ կլինի։ Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր: Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---