21 հունվարի 2009 - 14:03 AMT
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման ստանձնեց պաշտոնը
Երեքշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը եւ նա դարձավ այդ պաշտոնը ստանձնած առաջին սեւամորթ ամերիկացին: Արարողությանը հետեւում էին երկրի եւ նույնիսկ աշխարհի բոլոր կողմերից Վաշինգտոն ժամանած մեկ միլիոնից ավելի հանդիսականներ:

Իր պաշտոնը թողնող Ջորջ Բուշից բացի, որպես հանդիսականներ արարողությանը ներկա էին նաեւ եւս երեք նախկին նախագահներ` Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ-ավագը եւ Բիլլ Քլինթոնը:

Այժմ արդեն ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին ժամանեց արարողությանը անդամալույծի սայլակով, քանի որ նախօրեին վնասել էր մեջքի մկանը:

Անվտանգության միջոցներրը 75 մլն դոլար պահանջեցին ամերիկյան բյուջեից: Պաշտպանության կազմակերպմանը մասնակցել են հատուկ ծառայությունների 40 հազար աշխատակիցներ, 25 հազար ոստիկաններ, 10 հազար ազգային գվարդիայի զինվորներ, ԱՄՆ բանակի 7,5 հազար զինծառայողներ:

Պաշտոնակալումը վարում էր Դայան Ֆայնսթայնը, ամենաազդեցիկ կին սենատորներից մեկը: Արարողության սկզբում նա հայտարարեց. «Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի բացենք մեր պատմության նոր էջը»:

Եկեղեցական Ռիկ Ուորրենի կարդացած աղոթքից եւ հայտնի երգչուհի Արետա Ֆրանքլինի ելույթին հաջորդեց ԱՄՆ նոր փոխնախագահ Ջո Բայդենի երդումը:

Նրանից հետո երդման խոսքերն արտասանեց նաեւ Բարաք Օբաման: Նա պաշտոնապես հայտարարվեց ԱՄՆ-ի 44-րդ նախագահ եւ 20 րոպե տեւողությամբ ելույթ ունեցավ:

Ըստ ԱՄՆ նոր նախագահի, «մենք պատրաստ ենք կրկին առաջատարներ լինել»:

Օբաման չշրջանցեց նաեւ այն պահը, որի մասին բազմիցս ասել էին ինչպես նախագահի կողմնակիցները, այնպես էլ թշնամիները, այն, որ առաջին անգամ պատմության մեջ երկրի ամենաբարձր պաշտոնը կստանձնի սեւամորթը: «Սա է մեր ազատության եւ համոզմունքների իրական նշանակությունը,-ասել է Օբաման:- Ձեր առջեւ կանգնած է եւ երդումներից ամենասուրբն է արտասանում մի մարդ, որի հորը 60 տարի առաջ չէին սպասարկի տեղի ռեստորանում», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: