Լոնդոնը հոնկոնգցիներին անձնագրեր կտա, եթե Պեկինը շարունակի նվազեցնել ինքնավարությունը

Լոնդոնը հոնկոնգցիներին անձնագրեր կտա, եթե Պեկինը շարունակի նվազեցնել ինքնավարությունը

PanARMENIAN.Net - Եթե Չինաստանը Հոնկոնգին պարտադրի ինքնավարությունը նվազեցնող ազգային անվտանգության մասին օրենքը, ապա բրիտանական կառավարությունը կփոխի ներգաղթի կանոնները և հնարավորություն կտա ավելի քան 2.8 մլն հոնկոնգցու դառնալ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այս մասին Times պարբերականի իր սյունակում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Չինաստանի իշխանությունները ցանկանում են խորհրդարանում անցկացնել Հոնկոնգում «իրավական համակարգի և իրավապահական մեխանիզմների կատարելագործման» մասին օրինագիծը, որով իրավունք են ստանալու երկրի ազգային օրենքները կիրառել նաև Հոնկոնգի տարածքում: Օրինագծով առաջարկվում է արգելել նաև Հոնկոնգի «ներքին գործերին արտերկրա ուժերի միջամտությունը»:

Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում Չինաստանի ազգային անվտանգության մարմիններն իրավունք են ունենում Հոնկոնգում բացել ներկայացուցչություններ՝ «ազգային շահերի պաշտպանության նպատակով»: Սա Չինաստանի իշխանությունների կողմից նմանատիպ օրինագծի անցկացման առաջին փորձը չէ, 2003 թվականին այդ փորձերը ձախողվել էին բազմաքանակ ցույցերի ճնշման տակ: Այս օրինագծից զատ, իշխանությունները պատրաստվում են ոստիկանական նոր համակարգ ներդնել Հոնկոնգում, որն անմիջապես կենթարկվի Պեկինին:

Ջոնսոնը հույս է հայտնում, որ բանը դրան չի հասնի, և Չինաստանը կհիշի իր պարտականությունների մասին, որոնք ստանձնել է 1997-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ Չինաստանը իրենց հասցեին կեղծ մեղադրանքներ է հնչեցնում՝ պնդելով, թե երկիրը Հոնկոնգում բողոքի ցույցեր է կազմակերպում:

«Բրիտանիայի ուզածն այն է, որ Հոնկոնգը հաջողության հասնի «մի երկիր, երկու համակարգ» կոնցեպտում: Հուսով եմ, որ Չինաստանի ուզածն էլ է դա: Եկեք միասին աշխատենք այդ ուղղությամբ»,- եզրափակել է վարչապետը:

Ավելի քան 150 տարի Հոնկոնգը եղել է մեծբրիտանական գաղութ: 1997 թվականին այն փոխանցվել է Չինաստանին «մի երկիր, երկու համակարգ» գաղափարախոսության անվան տակ:

Գաղափարախոսությունը ներդրվել է 1980-ականներին և իրենից ենթադրում է պետական մեկ ընդհանրական տարածք, սակայն Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը կարող են ունենալ իրենց սեփական տնտեսական և քաղաքական, իրավապահ համակարգերը և պահպանել կապիտալիստական համակարգը:

Այս 20 տարվա ընթացքում հոնկոնգցի ակտիվիստները պարբերաբար բողոքում են Չինաստանի իշխանության՝ Հոնկոնգի ներքին գործերին խառնվելու, սոցիալիստական բարքեր ներդնելու փորձի, մարդու իրավունքների սահմանափակման դեմ և հօգուտ անկախացման: Իսկ Չինաստանի իշխանություններն իրենց հերթին Հոնկոնգի ժողովրդին մեղադրում են անջատողական տրամադրությունների և հասարակական կարգի խախտման համար: Վերջին նման ակցիան 2019-ի աշնանն էր, որի ընթացքում բախումներ եղան ոստիկանների և ցուցարարների միջև:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---