Փաշինյան․ Հրեշավոր իրականություն է՝ գործ ունենք կանոնների համատարած չպահպանման հետ

Փաշինյան․ Հրեշավոր իրականություն է՝ գործ ունենք կանոնների համատարած չպահպանման հետ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է լարվել, սակայն իշխանությունը «հանրային վերահսկողության թիմի» հետ հասկացել է, թե որն է վարակակիրների թվի ավելացման պատճառը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հունիսի 2-ից հետո իրենց հաջողվել է հասկանալ նաև խնդրի ծավալը։

Վարչապետը նշել է, որ ամեն օր ֆեյսբուքյան իր էջը հաղորդակցություն կապահովի և կսպասի ինֆորմացիայի քաղաքացիներից։ Նա կարևորել է «հանրային վերահսկողության թիմին» միանալն ու նշել, որ կանոնների խախտման դեպքերի լուսանկարներ է պետք ուղարկել կամ իր էջին, կամ տեղադրել սեփական էջում։

«Պետական մարմինների զեկույցներն ինձ չէին բավարարում, և դիմեցի ինձ համար ամենավստահելի մեթոդներից մեկին՝ հանրությանը, որ հանրության ներկայացուցիչները, ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների չպահպանման աղաղակող դեպքերի մասին: Այս գործընթացում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, այն է՝ ՀՀ-ում գործ ունենք այդ կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ դեռ 2018-ին ինքն ասել է, որ ոստիկանության էֆեկտիվությունը կախված է գործողության ծավալից․ կա մի գործողություն, որից ավելին աշխարհի ոչ մի ուժային կառույց չի կարող պահպանել։

«Եթե հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում հանրության 10-30%-ի մոտ, այդ դեպքում ոստիկանության ներգործությունը կարող է լինել էֆեկտիվ, բայց եթե մեծամասնության կողմից առնվազն տարբեր դրվագներով չի պահպանվում, սա դուրս է գալիս վերահսկողությունից»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ 2020-ի մայիսին՝ 2019-ի համեմատ, 357-ով ավելի քիչ մահ է գրանցվել ՀՀ-ում։

«Կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, այն մարդիկ ովքեր նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից։ Մահերը քիչ են եղել նաև, քանի որ կորոնավիրուսի բերումով շատ մարդիկ բուժօգնություն են ստացել և ապաքինվել ոչ միայն վիրուսից»,- ասել է նա։

Հունիսի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 10,524-ի, 3454 մարդ առողջացել է։ Վիրուսից մահացել է 170 մարդ, մահվան դեպքերն այլ պատճառով՝ 59-նն են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---