2008թ. Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ է ներդրել ավելի քան $300 մլն

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները շարունակել են ամրապնդվել բոլոր ուղղություններով` հիմնվելով մեր ժողովուրդների եւ երկրների ավանդական կապերի, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի հիման վրա:Շարունակվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Հունիսին իր առաջին արտերկյա պաշտոնական այցելությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց Մոսկվա: Հոկտեմբերին պատասխան պաշտոնական այցով Երեւան ժամանեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նախագահների փոխայցելությունների եւ հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ երկկողմ ռազմավարական համագործակցության հետագա խորացման եւ ընդլայման վերաբերյալ:



Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ 2008թ. ամփոփիչ զեկույցում, տարվա ընթացքում բազմաթիվ այլ այցեր եւ հանդիպումներ են եղել նախագահների, խորհրդարանների ղեկավարների, վարչապետների, անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ այլ մակարդակներով: Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ակտիվորեն ներգրավված է եղել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում:



Հոկտեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ՌԴ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 10-րդ նիստը, որի ընթացքում կողմերն ամփոփեցին հայ ռուսական տնտեսական հարաբերությունները, ընդունվեց գործողությունների ծրագիր առաջիկա մեկ տարվա համար: Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը շարունակել է խորանալ:



Զեկույցի համաձայն, ռուսաստանյան ներդրումները Հայասանի տնտեսության մեջ գերազանցել են 1 միլիարդ 300 մլն դոլարի սահմանագիծը: «Հայկական երկաթուղի» ՊՓԲԸ-ի կառավարման մրցույթը շահեց «Ռուսաստանյան երկաթուղի» ընկերությունը: 2008թ. շարունակել են ակտիվորեն զարգանալ գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունն ու փոխանակումները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---