Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել

Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում դադարեցնել նորակառույց բնակելի շենքերից բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Այդ մասին ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, գրում է «Հետքը»:

Ծրագիրը ներդրվել էր 2015-ին, որի նպատակն էր դրվել տնտեսական անկման ռիսկը մեղմել, քանի որ 2008-ին շինարարության ոլորտը 34-35 տոկոսով էր կատարվել:

Նախարարի խոսքով` ընդունվելուց հետո ծրագիրը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, քանի որ պարզ է դարձել` այն վերածվել է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող խավի համար ավելի լայն հնարավորությունների տարբերակի` հարկ չվճարելու:

Նա հավելել է, որ կառավարության մտադրությունն է աստիճանաբար հրաժարվել այդ ծրագրից:

«Շրջանառվում է նախագիծ, որը՝ կախված համատարած հայտարարագրման մեխանիզմից, կորոշենք՝ առաջարկել խորհրդարանին, թե՝ ոչ, դրա շրջանակում Երևանի առաջին և երկրորդ գոտիների ծրագրի իրականացումը կդադարեցվի»,- ասել է նա:

Առաջին և երկրորդ գոտիներն ընդգրկում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, որտեղ էլ բնակարանների կադաստրային ամենաբարձր արժեքն է:

Ըստ գործող օրենքի՝ անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում ֆիզիկական անձի վճարած եկամտահարկը հետ է փոխանցվում յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Սակայն գնված բնակարանի արժեքը չի կարող ավելին լինել 55 միլիոն դրամից, իսկ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից վարկառուները կամ համավարկառուները քանիսն են:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը