Նախարարը՝ առողջացածների թվի աճի մասին․ Ռազմավարության փոփոխության արդյունք է, ոչ թե ինչ-որ ճեղքում

Նախարարը՝ առողջացածների թվի աճի մասին․ Ռազմավարության փոփոխության արդյունք է, ոչ թե ինչ-որ ճեղքում

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով կորոնավիրուսից բուժվածների քանակի աճին, ասել է, որ դա պարզապես ռազմավարության փոփոխության արդյունք է, ոչ թե բուժական պրոցեսի ինչ-որ ճեղքում։

Նախարարը նշել է, որ նախկինում կորոնավիրուսից բուժված էին համարվում միայն այն քաղաքացիները, որոնք անմիջապես հիվանդանոցներից էին դուրս գրվում՝ կրկնակի բացասական թեստերով, իսկ այժմ մոտեցումը փոխվել է։

Այժմ կորոնավիրուսի ասիմպտոմ դեպքերը, որոնք տանն են բուժում ստանում, առողջացած են համարվում արդեն 14-րդ օրը, նրանց չեն թեստավորում։

«․․․Մայիսի կեսերին որոշեցինք, որ ասիմպտոմ քաղաքացիներն անցնեն տնային բուժման: Մոտ 1000 անձ, դուրս գրվելով հիվանդանոցից, համակարգում չի նշվել որպես առողջացած և ինքնամեկուսացվել է 14 օր իրենց տներում, որպեսզի 14 օր անց պոլիկլինիկաների բժիշկները նրանց համարեին բուժված»,- ասել է Թորոսյանը:

Ըստ նախարարի` նույնը տեղի է ունենում նոր արձանագրված դեպքերի պարագայում, որոնք հիվանդանոցային համակարգ ընդհանրապես չեն ընդունվում։

Նախարարը նշել է նաև, որ հունիսի 10-ին ապաքինվածների թվերը շատ ավելի մեծ կլինեն, բայց հակահամաճարակային բոլոր պահանջները պետք է նույնությամբ պահպանվեն։

Մայիսի 22-ից ասիմպտոմ վարակակիրները մտել են նոր համակարգ։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն նրանց հիվանդության ընթացքին և 14-րդ օրը համակարգում կատարեն այդ փոփոխությունը։ Ըստ այդմ, վարակի 14-րդ օրը նրանք դառնում են առողջացած։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---