Փաշինյան․ ՀՀ-ում նաև քաղաքական կորոնավիրուս է, բացիլի հատկանիշ ունեցող ուժերը կմեռնեն

Փաշինյան․ ՀՀ-ում նաև քաղաքական կորոնավիրուս է, բացիլի հատկանիշ ունեցող  ուժերը կմեռնեն

PanARMENIAN.Net - Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական, որը, ի տարբերություն առաջինի, «բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերի մահվան կբերի», հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել է հարցին, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն առաջարկում է ԱԺ-ում կորոնավիրուսի վերաբերյալ նիստ անել և պահանջել պատասխանատուների հրաժարականը։ Վարչապետը նշել է, որ ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված 3 հատուկ նիստ է եղել, հարցը քննարկվել է, իսկ Դաշնակցության համար մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, քանի որ նրանք նույն հռետորիկայով են խոսել նաև 2018-ի ամռանը։

«Այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն ՀՀ-ի քաղաքական, հասարակական կյանքից։ Նրանք այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցանիշով աշխարհի զարգացած երկրներից լավ ցուցանիշ ունի։

Վարչապետն ասել է, որ այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարը նույնացվում է պատերազմական իրավիճակի հետ և նշվում, թե պատերազմի ժամանակ ձախողած հրամանատարին հեռացնում են։ Արձագանքելով նման դիտարկումներին` նա հարցրել է, թե ինչ են անում պատերազմի ժամանակ «կեղծ տեղեկություն, խուճապ տարածողների հետ, հրամանատարի դեմ խոսողների դեմ»։

Ըստ վարչապետի՝ նրանց դատում են ռազմական իրավիճակի համաձայն, սակայն իրենք ժողովրդավար են, այդպիսի բան չեն անում։

Փաշինյանը նաև հայտնել է, որ ՀՀ-ում վիրուսից վերջնական կայունացման մասին խոսել հնարավոր չէ, սակայն նախանշաններ կան։

Ըստ նրա` հունիսի 10-ի առաջին կեսին միայն ոստիկանները տուգանել են 1800 քաղաքացու՝ դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար։ Վարչապետը կրկին կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,103-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 227 դեպք կա, այլ պատճառով՝ 77։ Առողջացածների ընդհանուր թիվը 5226 է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---