Իտալիայի վարչապետին կհարցաքննեն պանդեմիայի ժամանակ անփութության մեղադրանքի պատճառով

Իտալիայի վարչապետին կհարցաքննեն պանդեմիայի ժամանակ անփութության մեղադրանքի պատճառով

PanARMENIAN.Net - Իտալական Բերգամո քաղաքում, որն ամենից շատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից, հունիսի 12-ին կհարցաքննեն երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին։ Covid-19-ից մահացած մարդկանց հարազատները մեղադրել են կառավարությանը անփութության մեջ և պահանջել հետաքննություն անցկացնել։ Կոնտեն հայտարարել է, որ վախենալու բան չունի։

Մահացածների հարազատները կարծում են, որ հարկավոր էր ավելի վաղ շրջանում կարանտին սահմանել, քան դա արեցին իշխանությունները, գրում է BBC-ն։

Հունիսի 11-ին քաղաքի դատախազությունը իրավաբանական 50 բողոք է ստացել Noi Denunceremo հասարակական կազմակերպությունից, որին անդամակցում են նաև մահացածների հարազատները։ Նրանք կարծում են, թե Լոմբարդիայի Ալցանո Լոմբարդո և Նեմբրո քաղաքները հարկավոր էր կարմիր գոտի հայտարարել կորոնավիրուսի առաջին իսկ բռնկումներից հետո։

Կհարցաքննվեն նաև ներքին գործերի նախարար Լուչանու Լամորջեզեն և առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցուն։

Սա առաջին խմբային հայցն է՝ կապված Իտալիայում պանդեմիայի հետ։ Լոմբարդիայում իշխանությունն ընդդիմադիր աջակողմյան «Հյուսիսի լիգա» կուսակցության ձեռքում է և շատերը նրանց են մեղադրում կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ բավարար կազմակերպման համար, ոչ թե կենտրոնական իշխանությանը։

Եվրոպայով կորոնավիրուսը սկսեց տարածվել հենց Լոմբարդիայից, Իտալիայում գրանցված մահվան դեպքերից կեսը բաժին է ընկնում այդ տարածաշրջանին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---