«Նորք ինֆեկցիոնի» աշխատողը՝ Փաշինյանին․ Որոշումների արագ ու ադեկվատ փոփոխություններ են պետք

«Նորք ինֆեկցիոնի» աշխատողը՝ Փաշինյանին․ Որոշումների արագ ու ադեկվատ փոփոխություններ են պետք

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի կասկածով պացիենտներն ու վարակակիրները նախնական բուժօգնություն ստանալիս մի շարք խնդիրների են բախվում, որոնք բարդացնում են բուժաշխատողների աշխատանքն ու ծանրաբեռնում առողջապահական համակարգը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նորք ինֆեկցիոնի» ընդունարանի պատասխանատու Թեհմինա Ղալեչյանը։

Բուժաշխատողն անդրադարձել է մի շարք խնդիրների և՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշել, թե որոշ ֆունդամենտալ խնդիրների մասին նրան չեն իրազեկում: «Մենք պատրաստ ենք պայքարել, բայց մեզ աջակցություն է պետք, որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ՝ կախված իրավիճակից, որ բժիշկն էլ իրեն բժիշկ զգա, որ պայքարի ու հասկանա, որ իրեն չեն խանգարում, այլ օգնում են առողջապահության պատկան մարմինները»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ ընդունարան դիմած հիվանդների զգալի մասը գալիս է համակարգչային շերտագրումով, կորոնավիրուսին բնորոշ թոքաբորբ պատասխանով: Սակայն նրանց դիտարկում են որպես կասկածելի դեպք, և միայն թեստի դրական պատասխանից հետո տեղափոխում հիվանդանոց։

«Այնինչ, կարող էինք համակարգչային շերտագրումով Covid-19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդներին դիտել որպես դրական հիվանդ ու նրանց չքաշքշել մի հիվանդանոցից մյուսը, 1-03 ն էլ այդպիսով մի քիչ թեթևացնել: Իսկ ավելի վատ, եթե ՀՇ Covid-19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդի ՊՇՌ-ն լինում է բացասական: Քանզի այդ հիվանդին չգիտես՝ ինչ անել․ չէ որ անկախ բացասական պատասխանից, գիտենք, որ այդ հիվանդը Covid-19 դրական է, եթե տիպիկ կորոնավիրուսի թոքաբորբ ունի: Ինչ անենք այդ դեպքում, տեղափոխենք այլ հիվանդանոցի Covid-19 բացասական բաժանմունք` իմանալով, որ անկախ պատասխանից ՊՇՌ-ի հիվանդը միևնույն է դրական է»,- գրել է Ղալեչյանը։

Ըստ բուժաշխատողի՝ երբ ընդունարան է դիմում արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ հիվանդ, որն ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հիվանդ է, իսկ այնտեղ էլ տեղ չկա, բժիշկը երկընտրանքի առաջ է կանգնում՝ ընդունել հիվանդին թթվածնով հագեցած բաժանմունք, թե՝ ոչ։ Նա նշել է, որ հիվանդներին ընդունել են, հակառակ դեպքում ծայրահեղ ծանր էին դառնալու։

«Չէ, պարզվում է, որ այդ բժիշկները սխալ են եղել, որ այդ հիվանդներին ընդունել են բաժանմունք` արձանագրելով, որ ԻԹ-ում տեղ չկա ու արել են ամեն ինչ` փրկելով շատ հիվանդների: Եվ այդպես են վարվել, քանզի արտակարգ իրավիճակ է, եթե ծանր հիվանդը պետք է գնա տուն ԻԹ-ում տեղ չլինելու պատճառով, ավելի լավ չէ գնա թթվածնով հագեցված բաժանմունք: Եթե այդպիսի 10 հիվանդից 10-ը կմահանար տանը, բաժանմունքում գտնվելով` նրանց մեծ մասը կապաքինվի: Իսկ հիմա մենք այդպես պետք է չանենք, քանզի եթե 10-ից մեկն էլ լետալ ելք ունենա, մեղավորը կլինի բժիշկը, որ փորձել է ծանր հիվանդին փրկել»,-գրել է նա։

Բուժաշխատողի խոսքով, ըստ նոր հրամանի՝ 38.5°C և ավելի ջերմությամբ հիվանդները պետք է հոսպիտալացվեն, երբ դեռ ստացված չէ ՊՇՌ թեստի պատասխանը, սակայն պացիենտի մոտ առկա են հոսպիտալացման ցուցումներ։ «Վերջին օրերին մենք սկսել ենք աշխատել վերջին հրամանով և շատ միջին և ծանր վիճակում գտնվող հիվանդներ պարզապես զրկվում են հոսպիտալացման հնարավորությունից: Իհարկե լավ կլիներ այդ հիվանդներին էլ հոսպիտալացնել, եթե կարծում ենք՝ այդ հիվանդներով զբաղվելը ԱԱՊ-ի ուժերից վեր է, բայց միայն համապատասխան մահճակալային ֆոնդ ունենալուց հետո»,- գրել է բուժաշխատողը։ Նա նշել է, որ բուժական մասում ևս խնդիրներ կան, օրինակ՝ «սարսափելի անկառավարելի անտիբիոտիկոթերապիա»:

Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,667-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 269 դեպք կա, այլ պատճառով՝ 91։ Առողջացածների ընդհանուր թիվը 6214 է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---