«Երևան Մոլը» գործում է՝ պահպանելով հանրային առողջության ցուցումները

«Երևան Մոլը» գործում է՝ պահպանելով հանրային առողջության ցուցումները

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին պարետատան կողմից հրապարակվել է տեղեկություն, ըստ որի «Երևան Մոլում» հայտնաբերվել են սահմանված կանոններին անհամապատասխանություններ, և որ առևտրի կենտրոնը փակվելու է 24 ժամով։

Ընկերությունը հստակեցնում է,՝ «Երևան Մոլը» շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով հանրային առողջության ցուցումները, 24 ժամով փակվել է միայն մոլի գրասենյակային մասը։

Պարետատունն իրականացնում է պարբերական ստուգումներ «Երևան Մոլի» տարբեր հատվածներում՝ ֆուդկորտում, սպասարկման կենտրոնում, վարչական՝ գրասենյակային հատվածներում, և ցանկացած տեղ կանոնների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում, նշվում է առևտրի կենտրոնի անունը՝ որպես մեկ տնտեսվարող սուբյեկտի։

Հունիսի 17-ին հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են կանոնների խախտումներ «Երևան Մոլի» գրասենյակում, մասնավորապես` երկու աշխատակից չեն կրել դիմակ, նրանց միջև հեռավորությունը եղել է պակաս, քան մեկուկես մետրը և ջերմաչափման գրանցումը կատարվել է օրական մեկ անգամ։

«Հունիսի 18-ին՝ 12։00-ից սկսած, 24 ժամով փակվել է միայն մոլի գրասենյակային մասը։ «Երևան Մոլում» գործող բոլոր խանութները և ֆուդկորտը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը ամեն օր ժամը 10։00-22։00», - պարզաբանել է մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

«Տնտեսվարողների մասին տեղեկատվություն տարածելիս անհրաժեշտ է առաջնորդվել տեղեկատվության մատուցման հստակությամբ։ Ընդհանրացման արդյունքում ոչ ճշգրիտ տեղեկատվություն են ստանում քաղաքացիները և մեծ վնաս են կրում տնտեսվարողները։ Խնդրում ենք գործել զգույշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Երևան Մոլն» առաջինն էր Հայաստանում, որ, կարևորելով հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը, առանց պարետատան հրահանգման մարտի 15-ից «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող այլ տնտեսվարողմերի հետ ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը՝ մեծ վնասներ կրելու գնով։ «Երևան Մոլը» վերաբացումից հետո հետևել է քաղաքացիների առողջության պահպանման ցուցումներին՝ հատուկ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով դրա համար, այդ թվում՝ այցելուներին անվճար դիմակներ տրամադրելով, հեռավորության պահպանման ցուցումներ տալով, ջերմաչափում մուտքի մոտ։

«Երևան Մոլն» ամբողջ տարածքի ախտահանման աշխատանքներ է կատարում ամենօրյա ձևաչափով, օրը երկու անգամ՝ այցելուներին տրամադրելով դիմակներ և ձեռնոցներ։

 Ուշագրավ
Նա օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Նախագիծը հավանության է արժանացել չզեկուցվող հարցերի փաթեթով
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը