5-10 մլն դրամի փոխհատուցում՝ օնլայնում վիրավորանքի կամ զրպարտության համար․ Սիմոնյանի առաջարկը` հնգապատկել տուգանքը

5-10 մլն դրամի փոխհատուցում՝ օնլայնում վիրավորանքի կամ զրպարտության համար․ Սիմոնյանի առաջարկը` հնգապատկել տուգանքը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկ է ներկայացրել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկելու վերաբերյալ:

Ըստ նրա` առաջարկը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածին՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին և պայմաններին։ Առաջարկվում է վիրավորանքի դեպքում փոխհատուցումը 1 մլն դրամից դարձնել 5 մլն, զրպարտության դեպքում` 2 մլն-ից՝ 10 մլն դրամ:

Համաձայն առաջարկի՝ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1․ Հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը,

2. Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը, 3. Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 5000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը․

1. Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:

2․ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Անձը կարող է նաև սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 10000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

3. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

Նախագիծը նպատակ ունի առաջարկվող փոփոխություններով ապահովել լրացուցիչ երաշխիքներ` անձանց արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---