Դատախազություն․ Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատական ակտն ապօրինի է, կբողոքարկվի

Դատախազություն․ Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատական ակտն ապօրինի է, կբողոքարկվի

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունիսի 21-ի որոշմանը` մերժելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, հայտարարել է՝ քանի որ դատարանի կողմից «կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ», Դատախազությունն այն անպայման բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Աբրահամյանը նշել է նաև, որ Դատախազության գնահատմամբ դատարանն անտեսել է և պատշաճ չի գնահատել խափանման միջոց կալանքի ընտրության հիմքերին վերաբերող միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները։

Նա հավելել է, որ չեն գնահատվել այն ռիսկերը, որոնք պայմանավորված են եղել ազատության մեջ գտնվելու դեպքում նախաքննության ընթացքում Ծառուկյանի փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներում, նրանից ֆինանսական և անձնական այլ կախվածություն ունեցող անձանցից վերաբերելի փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության, ենթադրյալ հանցագործության կատարմանը ներգրավված աձանց հնարավոր բազմաթիվության, ենթադրյալ հանցագործությունների լայն աշխարհագրության պայմաններում իր կապերի և ֆինանսական ռեսուրսների, հանցագործության կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը գործադրելու, նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու միջոցով քննության ընթացքին խոչընդոտելու դատարանին ներկայացված իրական ռիսկերը:

Հունիսի 21-ին դատարանը մերժել էր Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։

Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշել էր զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---