Վենետիկի հանձնաժողով․ ՍԴ կազմի փոխարինումը նպատակահարմար է անցումային ժամանակաշրջանով

Վենետիկի հանձնաժողով․ ՍԴ կազմի փոխարինումը նպատակահարմար է անցումային ժամանակաշրջանով

PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծին, կարծիք է հայտնել, որ դատական համակարգի անկախության տեսանկյունից նպատակահարմար է ՍԴ ներկայիս անդամների պաշտոնավարման ժամկետի պահպանումն ու կազմի փոխարինումը բնականոն ճանապարհով։ Սակայն հանձնաժողովն ընդունում է իշխանության ձգտումը՝ սեղմ ժամկետներում ապահովելու ՍԴ կազմի՝ գործող սահմանադրությամբ նախատեսած դրույթներին համապատասխանեցումը։

Նշվում է նաև, որ 2015-ի սահմանադրության ընդունման ու դրա՝ վերջնական ուժի մեջ մտնելու միջև անսովոր երկար ժամանակ էր նախատեսված (հենց այդ դրույթներն էին թույլ տալիս Թովմասյանին պաշտոնավարել ոչ թե 6 տարի, այլ մինչև 2030 թվականը՝ խմբ․)։

Հանձնաժողովը՝ ստեղծված բացառիկ պայմանները հաշվի առնելով, գտնում է, որ հնարավոր լուծում կլինի նորացնել ՍԴ կազմը՝ միաժամանակ նախատեսելով անցումային ժամանակաշրջան։ Դա թույլ կտա խուսափել ինստիտուտի անկախությունը վտանգող կտրուկ և անհապաղ փոփոխություններից: Շեշտվում է, որ կարևոր է ապահովել, որ այդ միջոցը բացառություն մնա, չդառնա վտանգավոր նախադեպ ապագա կառավարությունների համար:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հանձնաժողովը նշել է, որ, չնայած միջազգային ստանդարտներն ավելի ազատ տարածություն են թողնում նրա պաշտոնի վերաբերյալ գործողություններ կատարելու համար, նախագահի պաշտոնավարման ժամկետի փոփոխությունները նույնպես զգուշավոր մոտեցում են պահանջում:

Ըստ հանձնաժողովի՝ ցանկալի կլինի նախատեսել անցումային ժամանակաշրջան՝ դատարանի ներկայիս նախագահի մանդատն անմիջապես դադարեցնելու փոխարեն։

Հանձնաժողովն ափսոսում է, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկությունը ներկայացվել է խորհրդարանում Վենետիկի հանձնաժողովի կողմից այս կարծիքի ընդունման օրը, և նշում, որ ԱԺ-ում արված առաջարկը չի համապատասխանում իր կարծիքի առաջարկություններին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։ Այն ընդունցել է առաջին ընթերցմամբ:

Հայաստանում ապրիլի 5-ին պետք է անցկացվեր սահմանադրական հանրաքվե, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությամբ անորոշ Ժամանակով հետաձգվել էր։ Կառավարությունը խորհրդակցության նպատակով դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի հանրաքվեով վիճարկվող հարցը խորհրդարանի մակարդակով լուծելու տարբերակներ գտնի: Հանրաքվեով որոշվելու էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նախորդ իշխանությունների կողմից ընտրված մյուս դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---