Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին․ Անցումային փուլ պետք չէ, որ էլ ավելի չլարվի

Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին․ Անցումային փուլ պետք չէ, որ էլ ավելի չլարվի

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հավանության է տալիս այն տեսակետին, թե Սահմանադրական դատարանի հետ կապված փոփոխություններում այս պահին անցումային փուլ պետք չէ, որպեսզի լարվածությունն այդ ամենի շուրջ էլ ավելի չխորանա։ Այդ մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու գործի չի դրվում «անցումային փուլ» ասվածը։

Մակունցն ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից մեջբերելիս չափազանց կարևոր է հստակ մեջբերում անելը, գրում է Shantnews.am-ը։

«Վենետիկի հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, դրական գնահատելով և դրական համարելով այն մոտեցումը, որ անհրաժեշտ են լուծումներ և այն տարբերակով, որն առաջարկվել է, կարծում է, որ պետք է հաշվի առնվեր նաև իրենց այն առաջարկը, որը նախատեսում էր անցումային փուլ:

Ափսոսանք է հայտնել, որ այդ անցումային փուլի հատվածը մենք չենք ներառել նախագծում: Պարզաբանեմ, թե ինչու չենք ներառել: Առաջին, ինչպես գիտեք, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական կարծիք է և այն պարտադիր բնույթ չի կրում, այդ մասին նշված է նաև հենց այն եզրակացության մեջ, որը հրապարակվել է: Երկրորդ՝ նշվում է, որ ՀՀ իշխանությունները, իրավիճակը գնահատելով, իրենք պետք է որոշումներ կայացնեն նաև անցումային փուլի տևողություն առումով: Որպեսզի լարվածությունն այդ ամենի շուրջ էլ ավելի չխորանա, չգեներացվի, չէսկալացվի լարվածությունը»,- ասել է Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, թե ինչու «Իմ քայլը» չսպասեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հրապարակմանը մինչև ՍԴ-ին վերաբերող նախագիծը շրջանառելը, Մակունցն ասել է՝ քանի որ կոնցեպտուալ առումով որևէ խնդիր չի առաջացել հանձնաժողովի հետ քննարկումներում և իրենք ունեցել են նախնական տեղեկատվություն, որ մինչ այդ օրը հրապարակվելու է, որոշել են շրջանառել նախագիծը։

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։

«Իմ քայլը» 2020-ի սկզբին արդեն մեկ անգամ առաջարկել էր նման նախագիծ, սակայն հետո որոշվեց հարցը հանրաքվեի դնել: Սակայն, կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---