26 հունվարի 2009 - 16:04 AMT
Հայաստանը միանգամայն ի վիճակի է արդյունավետ ելք գտնել դեպի հեռանկարային տնտեսական շուկաներ
Վերջերս տարածաշրջանում տեղի են ունենում հիմնարար աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք պայմանականորեն կարելի է բնութագրել որպես տրանսպորտային աշխարհաքաղաքականություն: Աշխարհաքաղաքականության այս բաղադրիչը ջանադրաբար առաջ են մղում մի շարք տարածաշրջանային եւ գլոբար խաղացողներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի ստացած «Տրանսպորտային աշխարհաքաղաքականությունը որպես տնտեսական եւ քաղաքական փոխլրացման ամենաարդյունավետ բաղադրիչներից մեկը» հոդվածում գրում է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նրա կարծիքով, այդ աշխարհաքաղաքականության մեջ ակտիվորեն ներառվում է նաեւ Հայաստանը: «Այս համատեքստում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Իրանի տրանսպորտային աշխարհաքաղաքականությունը: Ինչպես հայտնի է, վերջերս արդիականացել է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության հարցը: Այս նախագծի իրականացումն ըստ նախնական տվյալների մոտ 5 տարի կպահանջի եւ կարժենա 1,5-2 մլրդ դոլար: Սակայն ծախսերը արդարացված են, առավել եւս, եթե դիտարկենք դրանք ժամանակի հեռանկարի պրիզմայով: Մեզ համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաեւ Չինաստանի ու Պակիստանի իրենց երկաթուղային ցանցերը միացնելու ծրագրերը: Իրանի ու Պակիստանի միջոցով Հայաստանը կկարողանա դուրս գալ նաեւ հսկայական չինական շուկա: Չինաստանի միջոցով Հայաստանը կարող է դուրս գալ Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների շուկաներ»,-ասվում է հոդվածում: Ավելին, ըստ քաղաքագետի, Իրանի եւ Պակիստանի միջոցով Հայաստանը կկարողանա նաեւ դուրս գալ հնդկական շուկա: Ի դեպ, այս համատեքստում ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքները կարող է ֆինանսավորել նաեւ Չինաստանի կառավարությունը:

«Այս հեռանկարները կազդեն հայկական պետությունների ոչ միայն տնտեսական գործունեության վրա, այլ նաեւ քաղաքական առումով: Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունից հետո արտերկրի մի շարք շրջանակներում այդքան շատ հիշատակվող եւ որոշակի ներքին շրջանակների կողմից կրկնվող փաստարկները Հայաստանի տրանսպորտային մեկուսացման մասին եւ այդ փաստարկների որոշակի շաղկապումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ ուղղակի ոչ ակտուալ են դառնում: Պարզ է դառնում, որ Հայաստանը, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, միանգամայն ի վիճակի է արդյունավետ ելք գտնել դեպի հեռանկարային տնտեսական շուկաներ, ինչպես նաեւ զորացնել իր արտաքին քաղաքականության փոխլրացման հիմքը: Երբեք պետք չէ մոռանալ մեկ բան` բոլոր այս նախագծերի իրականացումն անմիջական կապ ունի հայկական պետականության կենսունակության հետ, որի ապագան առաջին հերթին կապված է ղարաբաղյան խնդրի լուծման հետ: Եթե Արցախի անվտանգության համակարգում թեկուզ փոքր թերություն հայտնվի, ապա ոչ թե արդյունավետ իրականացնել տրանսպորտային աշխարհաքաղաքականությունը, այլ պետականությունը պահպանելն ուղղակի անհնար կլինի»,-ասել է Դավիթ Բաբայանը: