26 հունվարի 2009 - 16:25 AMT
«Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակները չեն կանչվի քրեական պատասխանատվության
Անկարայի դատախազությունը հրաժարվել է քրեական պատասխանատվության կանչել «Հայեր,ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակներին: «Հունվարի սկզբին Անկարայի դատախազությունը հետաքննություն էր սկսել հայ ժողովրդից ներողություն խնդրելու նախաձեռնության վեց հեղինակների հանդեպ: Նրանց մեղադրանք էր ներկայացվել Թուրքիայի ՔՕ 301-րդ` «թուրք ազգի հրապարակային վիրավորանք» հոդվածով: Դատախազությունը որոշել է քրեական գործ չհարուցել «Հայեր,ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակների դեմ, ելնելով նրանից, որ ժողովրդավարական հասարակության մեջ խոսքի ու մտքի ազատության իրավունքը հակառակ կարծիք հայտնելու իրավունք եւս պարունակում է»,-ասվում է Անկարայի դատախազության հաղորդագրության մեջ, գրում է թուրքական Hurriyet թերթը:

«Հայեր, ներե'ք մեզ» կոչը զետեղվել էր Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրում հավաքել էր շուրջ 8 հազար ստորագրություն: Այս պահի դրությամբ ստորագրվածների թիվը հասնում է 28 հազարի: Արշավի նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների, հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ:

«Ինձ համար անթույլատրելի է սատարել հայերից ներողություն հայցող ինտերնետ-արշավին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` մեկնաբանելով այս ակցիան: «Ես երբեք հավանություն չեմ տվել այս ակցիային: Մենք հանցագործություն չենք կատարել, ուստի եւ ներողություն չպետք է խնդրենք: Այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները: Նման նախաձեռնությունները Թուրքիայի համար նահանջ են նշանակում»,-ասել է թուրք վարչապետը: