Նախկին պաշտոնյան` ԱԺ նախկին պատգամավորի դստերը հողամաս օտարելու գործով մեղադրյալ

Նախկին պաշտոնյան` ԱԺ նախկին պատգամավորի դստերը հողամաս օտարելու գործով մեղադրյալ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Արմենուհի Գևորգյանին հողամաս օտարելու գործով, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Նա, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2002թ. օգոստոսի 8-ի գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, թե, իբր, Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12 և հ.13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող, այդ ժամանակ վարձակալության իրավունքով Արմենուհի Գևորգյանի անվամբ գրանցված 6452.68 քմ մակերեսով հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածոով (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը) սահմանափակումների ցանկում։

Դա հիմք է հանդիսացել համայնքային սեփականություն հանդիսացող՝ 6452.68 քմ մակերեսով հողատարածքն այն վարձակալած անձին՝ նույն Արմենուհի Գևորգյանին, որպես սեփականություն՝ առանց հրապարակային սակարկությունների, գնման նախապատվության իրավունքով կադաստրային արժեքով օտարելու համար:

2020-ի հունիսի 24-ին որոշվել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներն առերևույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---