27 հունվարի 2009 - 17:27 AMT
«Միտք»-ը ՀԱԵ-ից պահանջում է պաշտպանել Վրաստանի հայկական հուշարձաններն ու իրենց` հայերին
«Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանը հայության համար դարերով ունեցել է եւ այժմ ունի հայրենիքի խորհուրդ: Վերջինիս, ինչպես նաեւ նրա վրա ստեղծված հայկական հոգեւոր-մշակութային արժեքների պահպանումը եւ այն վրացական քաղաքական-հոգեւոր էքսպանսիայից զերծ պահելը պետք է հայության համար ներկայումս դառնա համազգային խնդիր»,- ասվում է «Միտք» վերլուծական կենտրոնի` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ներկա իրավական Վրաստանի փաստացի տարածքում գտնվող հայկական պատմա-ճարտարապետական կոթողներից` Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանից դուրս գտնվող մշակութային կոթողները հայ ժողովրդի համար ունեն միմիայն քաղաքական նշանակություն: Այս հուշարձանների կյանքի տեւողությունը մեծապես կախված է Վրաստանի իշխանությունների քմահաճությունից:

«Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի փաստացի տարածքում գտնվող հայկական պատմա-ճարտարապետական կոթողները չեն արժանացե եւ արժանանում Վրաստանի իշխանությունների բարի կամքի դրսեւորումներին, ավելին, Վրաստանը տասնամյակներ ի վեր բարբարոսաբար վրացացրել, պայթեցրել, բռնազավթել եւ այլ անմարդկային մեթոդներ է կիրառել հայկական հոգեւոր-մշակութային կոթողների նկատմամբ` ձգտելով ամեն կերպ ոչնչացնել հայկական հետքն իր տրամադրության տակ եղած տարածքներում, կոչ ենք անում հայ հոգեւոր վերնախավին.
1. Բոլոր ուժերով քաղաքականացնել Վրաստանի փաստացի տարածքում եւ Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանից դուրս գտնվող հայկական բոլոր այն մշակութային արժեքների հիմնախնդիրները, որոնք դարձել են վրացական բարբարոսության եւ հայկական ժանգոտված կեցվածքի զոհերը:
2. Ճանաչել Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի պատմամշակութային եւ հոգեւոր կոթողները որպես հայ ազգի` իր իսկ հայրենիքի տարածքում ստեղծված մշակույթի արգասիք եւ հայտարարել այդ մասին հրապարակավ:
3. Ճանաչել Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի հայությանը որպես նույն տարածաշրջանի պատմամշակութային եւ հոգեւոր կոթողների սեփականատեր եւ այդ մասին հայտարարել հրապարակավ:
4. Կարճ ժամկետներում ավելացնել Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախք) հոգեւորականների թվակազմը, այլ ոչ թե այնտեղից հոգեւորականներ տանել Թիֆլիս: Տարածաշրջանն առանձին թեմի վերածելու աշխատանքները դեկլարատիվ կամ սուբյեկտիվ դաշտից տեղափոխել կոնկրետ աշխատանքների դաշտ:
5. Հասարակական շրջանակներում տարածել պատմական ճշմարտությունն այն մասին, որ 7-8-րդ, ինչպես նաեւ 10-13-րդ դարերում հայկական լեռնաշխարհի, այդ թվում նաեւ Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախքի) տարածքում ստեղծված եւ շատ դեպքերում մեսրոպատառ վրացերենով արձանագրված հուշարձանները հայ քաղկեդոնական մշակույթի արգասիք են: Հասարակական միջավայրում պախարակել այն պատմաբաններին (հայ, վրացի կամ այլազգի), որոնք հայտարարում են հայ քաղկեդոնական մշակութային վերոնշյալ ժառանգությունը վրացական մշակույթին պատկանելու մասին: Իսկ այդ մասին բարձրագոչող հայ առանձին պատմաբաններին որակել որպես ազգային դավաճաններ:
6. Հրապարակավ դատապարտել այն հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաեւ դեսպանների այն հայտարարությունները, որոնք արհեստականորեն մեջտեղ բերելով հայ-վրացական «բարիդրացիական» հարաբերությունները, քողարկում են Վրաստանի բացահայտ ագրեսիան: Այդպիսի վառ օրինակ է Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում, Ջավախքում եւ Թիֆլիսում հանդես եկող նման մարդիկ:
7. Բոլոր ուժերը կենտրոնացնել` վրացական պետական եւ հոգեւոր էքսպանսիայից Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախք) հոգեւոր-մշակութային օջախները փրկելու ուղղությամբ»,- ասվում է ՀԵ «Միտք»-ի պահանջագրում:

Կենտրոնի հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է,որ «առաջնահերթ նշանակությունն այս գործում տալ արդեն բռնազավթված հետեւյալ կոթող-եկեղեցիները իսկական տերերին (հայությանը) վերադարձնելուն.

Ա. Կանխել Ախալքալաքի Սամսար գյուղի ժայռափոր վանական համալիրի` Վրաստանից ժամանած հոգեւորականների եւ ուսանողության կողմից յուրացման փորձերը, որոնք չնայած ներկայումս չկան, սակայն առկա է վերջիններիս ամեն վայրկյան «վերարթնացումը»:
Բ. Կանխել Գումբուրդո գյուղի 10-րդ դարի` սկզբնական շրջանում հունածես, այնուհետեւ հայ-առաքելական ձեւով օծված հրաշակերտ կոթողի` Սբ. Համբարձման եկեղեցու (964թ.) բռնազավթման փորձերը, որոնք շարունակաբար լարվածության մեջ են պահում գյուղի բնակչության եւ վրացական իշխանությունների միջեւ հարաբերությունները:
Գ. Աշխատանքներ ձեռնարկել` վտարելու Ջավախքի Փոկա գյուղից վրաց, այսպես կոչված` «հոգեւորականներին», որոնք գյուղի եկեղեցին եւ հայության շրջակա 12-15 տները բռնագրավելուց զատ, գյուղում տարածում են թմրանյութեր: Վերջիններիս կողմից գյուղից դուրս` Փարվանա լճի ափին հիմնված, այսպես կոչված` «մենաստանում» ծլարձակում է մարմնավաճառությունն ու զանազան այլ չարիքներ, որտեղ, «խորհրդավորության» քողի տակ տեղի են ունենում տարաբնույթ իրադարձություններ: Մեր կողմից ճշտված հավաստի տեղեկություններով` այդ «հոգեւորականները» զինված են, իսկ այդ «մենաստաններն» իրականության մեջ զենքի պահեստարաններ են: Այս ամենը պատճառ են հանդիսանում, որպիսի վախվորած հայ ազգաբնակչությունն ավելի արագորեն լքի իր պատմական հայրենիքը: Ավելացնենք, որ վրաց եկեղեցին իր բույնն է դրել նաեւ Փոկա գյուղին մերձակա Սաղամո հայկական գյուղում, որտեղի 3 եկեղեցիները, չնայած կիսափուլ, այնուամենայնիվ` հայտարարված են վրացական:
Դ. Աշխատանքներ ձեռնարկել` վտարելու Ջավախքի Ախալքալաք քաղաքի նախկին մսուր մանկապարտեզը (գտնվում է ներկայիս Ազատության եւ Դարբինյան փողոցների հատման խաչմերուկում) բռնազավթած «հոգեւորականներին», որոնց կարիքը հայկական Ախալքալաքում իսպառ չի զգացվում: Իրականում «եկեղեցի» հռչակված այդ մանկապարտեզ են հաճախում ոչ թե վրացի հավատացյալները, այլ Թիֆլիսից ժամանած անվտանգության աշխատակիցները:
Ե. Աշխատանքներ ձեռնարկել` վտարելու Ջավախքի Ախալցխա քաղաքի հայկական հրաշակերտ կոթողի` Զարեհնու Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցին (15-րդ դար) վերադարձնելու իսկական տիրոջը (ախալցխահայությանը), որը բռնազավթված է 1990-ականներից ի վեր:
Զ. Աշխատանքներ տանել վերականգնելու, հայ-առաքելական ծեսով օծելու եւ հոգեւորականի ներկայություն ապահովելու Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախք) այնպիսի եկեղեցիներ, որոնք ներկայումս չնայած կիսափուլ են, սակայն վրացական պաշտոնական եւ ոչ պաշտոնական մարմինները դրանք համարում են վիճելի կամ վրացական: Ակնհայտ է, որ համապատասխան հակաքայլերի բացակայության պայմաններում վերջիններիս սպասում է Ախալցխայի Սբ. Նշանի կամ Թիֆլիսի Սբ. Նորաշենի ճակատագիրը:

Եզրափակենք, որ Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախք) հայ ազգաբնակչությունը տարբեր առիթներով այս ամենի ուղղությամբ կատարում է քայլեր, որոնք, սակայն, բավարար չեն հասնելու ցանկալի արդյունքի:

Պահանջում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին, որպես հայ ազգի հոգեւոր արժեքների պահապան, տեր կանգնի իր հոտի մի մասնիկին` ջավախքահայությանը»,- ամփոփվում է ՀԱԵ-ին ուղղված «Միտք» վերլուծական կենտրոնի պահանջագրում: