Թորոսյան․ Գիտակցված լոքդաուն է պետք՝ պարտադրվածի փոխարեն

Թորոսյան․ Գիտակցված լոքդաուն է պետք՝ պարտադրվածի փոխարեն

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։

«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ Պարզապես չկա…» - գրել է նա։

Նա հավելել է, որ պետք է սահմանափակել ոչ կենսական շփումները, այցերը, դադարեցնել սրճարան-ռեստորանային այցելությունները, պետք է մնալ տանը ինչքան հնարավոր է շատ։

«Սրճարան-ռեստորանները միակ տեղն են, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք»,- գրել է նա։

Նա հավելել է նաև, որ շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։ Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր՝ «հիմա դրա ժամանակը չէ»։

«Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։ Սգո միջոցառումներին մասնակցությունը պետք է առավելագույնս սահմանափակել, պրակտիկորեն դադարեցնել։ Հեռախոսով ասված ցավակցությունը այս համաճարակային վիճակում ավելի արժեքավոր պետք է դիտվի, քան անձամբը։

Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն»,- ասվում է գրառման մեջ։

Նախարարը նշել է, որ երեխաներին պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար, «այլ զբաղմունք մտածել նրանց համար, որ չգնան բակում խաղալու»։

«Դուրս մի եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը և կարևոր պահանջին մինչև իրավիճակի լավացումը։ Մնացած բոլոր դեպքերում պետք է ճիշտ կրել դիմակ, պահպանել 1.5-2մ հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը»,-ասվում է գրառման մեջ։։

Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 24,645-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 426 դեպք կա, այլ պատճառով՝ 139։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---