Վասիլի Իստրատով. Հայաստանին «ռուսական սպառազինության փոխանցման» մասին փաստաթուղթը կեղծ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը Հայաստանին ռուսական զենքի փոխանցման մասին ադրբեջանական ԶԼՄ-ի տարածած փաստաթուղթը կեղծ է անվանել: «Նման փաստաթուղթ չի եղել, այդպիսի փոխանցումներ չկան»,- հայտնել է նա երեքշաբթի օրը` բրիֆինգի ժամանակ:



Իստրատովը ցավով հայտնել է, որ 1996թ. Հայաստանին ռուսական զենքի փոխանցման բացասական փորձառությունը դեռեւս գերիշխող է: «Վիրավորական է, որ տասներեքամյա վաղեմության բացասական փորձառությունը գերիշխում եւ զրոյի է հավասարեցնում վերջին 6-8 ամիսների ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ձեռքբերումները»,- ասել է նա: Վասիլի Իստրատովը հույս է հայտնել, որ այդ հարցում վերջնական տեսակետը կլինի անձնական հաղորդակցությունների ժամանակ, որոնք մոտ ժամանակներում կկայանան երկու երկրների պաշտպանության նախարարների, իսկ այնուհետեւ` արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ:



«Այդ հանդիպումների անցկացման հարցը համաձայնեցված է: Մենք հաշվարկում ենք, որ նախարարները ոչ միայն վերջնակետ կդնեն այդ հարցում, այլեւ պայմաններ կստեղծեն, որպեսզի ապագայում նման անհասկացողության իրավիճակներ չառաջանան»,- ասել է դիվանագետը` ընդգծելով, որ դա չի նպաստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը:



Նա ցավով է հայտնել նաեւ, որ չնայած ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտին, որը ժխտում է զենքի փոխանցման մասին տեղեկատվությունը, ադրբեջանական ԶԼՄ-ում այդ քարոզարշավը շարունակվում է, եւ Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) մի շարք պատգամավորներ բացասական կարծիքներ են հայտնում այդ առիթով: «Ադրբեջանական կողմի զգայունությունը մի շարք հարցերի հանդեպ շատ լուրջ բնույթ է կրում: Դա դաս է բոլորի համար` եւ' Ռուսաստանի, եւ' Ադրբեջանի»,- նշել է Իստրատովը:



Լրագրողների հարցին պատասխանելով` դեսպանը ասել է, որ դա «չի նշանակում, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին երբեք զենք չի փոխանցել»: «Ես չեմ կարող պատասխանել, թե ինչ ծավալներով եւ ինչ ժամկետներով է այն փոխանցվել, քանի որ մենք ռազմա-տեխնիկական համագործակցություն ունենք նաեւ այդ երկրի հետ: Այնուամենայնիվ, այն փաստաթուղթը, որի մասին գնում է խոսքը , կեղծ է եւ ապատեղեկատվություն է»,- ամփոփել է նա, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջան»-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---