ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին

ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի արտահերթ նիստին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Հաշվի առնելով, որ Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն, այնպես էլ մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին:

Շարունակում ենք հետևել բոլոր զարգացումներին և, իհարկե, շարունակում ենք կատարել Ձեր կողմից մեզ վստահված պատգամավորի պարտականությունները` մշտապես ականջալուր լինել մեր քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրներին»,- ասվում է գրառման մեջ։

Աբովյանը գրել է նաև, որ ի տարբերություն իրենց որոշ գործընկերների, ովքեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19 վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար այդուհանդերձ մասնակցել են ԱԺ նիստին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, «ցուցաբերում են բարձր սոցիալական պատասխանատվություն և ձեռնպահ կմնան նաև Ազգային ժողովի վարչական տարածք մուտք գործելուց»:

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---