Գյումրու Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների միջազգային մրցույթ է հայտարարվում

Գյումրու Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների միջազգային մրցույթ է հայտարարվում

PanARMENIAN.Net - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IdeA) հիմնադրամը մեկնարկում է Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Հայտերը կընդունվեն հուլիսի 1-29-ը:

Այն մաս է կազմում Գյումրիի համալիր զարգացման և վերականգման ծրագրի, որն իրականացվում է «Հայաստան 2020» նախաձեռնության շրջանակում: Վերականգնված այգին ոչ միայն կդառնա հանրային նոր վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնել են վերականգնել քաղաքը:

Մրցույթի նպատակն է քաղաքի ինքնության առանձնահատկություններն արտացոլող և միջազգային փոխօգնության գաղափարը ներկայացնող ճարտարապետանախագծային լավագույն լուծումների ընտրությունը: Այն կանցկացվի 2 փուլով:

Առաջին փուլի արդյունքներով ժյուրիի անդամները կընտրեն 20 մասնակցի ճարտարապետական լուծումների մշակման համար: Մասնակիցները կստանան տեխնիկական առաջադրանք, որը կներառի այգու դիզայն-նախագծի և օբյեկտների մշակման պահանջների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Երկրորդ փուլի արդյունքներով, ժյուրին կընտրի հաղթողներին 3 անվանակարգում:

2020-ի հոտեմբերին կհայտարարվեն հաղթողները և կներկայացվի այգու վերջնական դիզայն-նախագիծը: Հաղթողները հնարավորություն կունենան իրականություն դարձնել իրենց ճարտարապետական նախագծերը Գյումրի քաղաքի նոր հանրային տարածքում:

Ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն հեղինակավոր փորձագետներ, որոնց թվում են ճարտարապետ և հետազոտող Անդրեյ Իվանովը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, լանդշաֆտային ճարտարապետ և «Glaßer und Dagenbach GBR» բյուրոյի հիմնադիր Ուդո Դագենբախը, OFFCON բյուրոյի գլխավոր ճարտարապետ և գործընկեր Ֆյոդոր Ռաշևսկին, ՀՀ Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը:

«Վերականգնված այգին կդառնա մի յուրօրինակ նախագիծ, որը կխթանի զբոսաշրջությունն ու կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները: Մենք ուրախ ենք, որ գյումրեցիները ընդունել են և խիստ կարևորում են այս նախաձեռնությունը: Այս նախագիծը միավորել է բազմաթիվ մարդկանց և իրապես դառնալու է բարեկամության և երախտագիտության այգի»,-ասել է IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Այգին գտնվում է քաղաքի հյուսիսային մասում` պատմական կենտրոնի և բնակելի, արդյունաբերական շրջանների միջև ընկած հատվածում: Քաղաքի կենտրոնական փողոցը միացնում է Գյումրու բոլոր գլխավոր տեսարժան վայրերը և հանրային տարածքները: Վերականգնված այգին կդառնա քաղաքի կենտրոնում այդ երթուղով անցնող առաջին ժամանակակից կանաչ տարածքը, որը մեծ ճանաչում է վայելում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---