ՄԳԻՄՕ-ի ուսանող դառնալու համար հայտերը դեռ ընդունվում են. Ուսումը՝ անվճար

ՄԳԻՄՕ-ի ուսանող դառնալու համար հայտերը դեռ ընդունվում են. Ուսումը՝ անվճար

PanARMENIAN.Net - ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների հայկական ակումբը շարունակում է ամենամյա կրթական ծրագրի մասնակցության հայտեր ընդունել: Ծրագրի շրջանակում Ակումբը ֆինանսավորում է մեկ ուսանողի ուսումը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` ՄԳԻՄՕ-ի մագիստրատուրայում` կազմակերպության նպատակային կապիտալի հաշվին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել՝ մինչև հուլիսի 7-ը: Կրթական ծրագրով հետաքրքրված երիտասարդները դեռ կարող են հայտ ներկայացնել։ Դրա համար պետք է ուղարկել CV, մոտիվացիոն նամակ, բակալավրի դիպլոմի պատճենը՝ գնահատականների հավելվածի հետ միասին կամ ակադեմիական առաջադիմության տեղեկանքը info.armmgimo@gmail.com հասցեին։

«Մեր գլխավոր նպատակն է մշտական աջակցություն ցուցաբերել ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտներին և ուսանողներին շնորհիվ հավաքական ռեսուրսների, և այս կրթական ծրագիրը մեր առանցքային նախաձեռնություններից է»,- նշել է շրջանավարտների հայկական ակումբի նախագահ Հովհաննես Առաքելյանը:

Ըստ նրա՝ Ակումբում առաջնորդվում են երկուստեք ակտիվության, նախաձեռնողականության և փոխվստահության սկզբունքներով, և ինստիտուտի յուրաքանչյուր շրջանավարտ, միանալով կազմակերպությանը, դառնում է այդ արժեքների կրողը և հայկական ուժեղ համայնքի ձևավորման ակտիվ մասնակից:

«ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտների ակումբի ամենամյա կրթական ծրագիրն ինձ համար ոչ միայն որակյալ կրթություն ստանալու, նոր մասնագիտություն ձեռք բերելու, այլ նաև ամուր կապեր հաստատելու փայլուն հնարավորություն դարձավ»,- պատմել է ծրագրի շահառու, շրջանավարտ Սոնա Միրզոյանը:

«Մագիստրատուրայում սովորելու ընթացքում բավականին արագ ինտեգրվեցի ՄԳԻՄՕ-ի հայ ուսանողների համայնքին, և հայ շրջանավարտների հետ մշտապես կապի մեջ լինելով համալսարանում մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, ինչը միասնության և սերունդների ժառանգորդականության լավագույն դրսևորումն էր»,- նշել է նա:

Շրջանավարտների հայկական ակումբը ստեղծվել է 2012 թվականին և անդամակցում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների գլոբալ ասոցիացիային (MGIMO Alumni Global Network): Դրան անդամակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կազակերպության կայքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---