Անկարան միշտ էլ անկեղծ է եղել Երեւանի հետ հարաբերություններում, պնդում է Էրդողանը

PanARMENIAN.Net - «Հայկական սփյուռքը փորձում է օգուտ քաղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված իրավիճակից: Բայց, ըստ իս, պաշտոնական Երեւանը չի կիսում սփյուռքի նման ձգտումները»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը նախքան Դավոս մեկնելը: Թուրքիայի վարչապետը նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումները շարունակվում են երկու երկրների ԱԳՆ մակարդակով: «Այդ հանդիպումներն աստիճանաբար հող կնախապատրաստեն ավելի բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնելու համար: Անկարան միշտ էլ անկեղծ է եղել Երեւանի հետ հարաբերություններում»,- ընդգծել է Էրդողանը, գրում է թուրքական Hurriyet թերթը:



ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի խնդրել եւ չի խնդրի Սփյուռքին դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: «Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել եւ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը»,- ավելի վաղ ասել էր Էդվարդ Նալբանդյանը:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: 1993թ. Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում նա հանդես է գալիս Ադրբեջանի կողմից: Երկու երկրների միջեւ ջերմացումը սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրեց դիտելու սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---