Վրաստանն օգոստոսից կընդունի Գերմանիայի, Ֆրանսիայի, և մերձբալթյան երկրների բնակիչներին

Վրաստանն օգոստոսից կընդունի Գերմանիայի, Ֆրանսիայի, և մերձբալթյան երկրների բնակիչներին

PanARMENIAN.Net - Առաջիկայում Վրաստանը կբացի սահմանները 5 երկրի համար, որոնք ևս առանց որևէ սահմանափակման բաց են Վրաստանի համար. խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մասին է։

Այդ երկրի քաղաքացիները կկարողանան Վրաստան ժամանել միայն ուղիղ ավիաչվերթով, հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Վրաստանի կառավարությունը բանակցում է միջազգային ավիաընկերությունների հետ ավիահաղորդակցության և կանոնավոր չվերթերի վերականգնման շուրջ։ Մասնավորապես, գերմանական Lufthansa-ի հետ արդեն պայմանավորվածություն կա, որ օգոստոսին շաբաթական 2 չվերթ կիրականացվի դեպի Մյունխեն։ Բանակացություններ են ընթանում նաև Air Baltic-ի և Air France-ի հետ։

Վերոնշյալ երկրներից Վրաստան ժամանողները մինչ սահմանը հատելը պետք է հատուկ էլեկտրոնային հարցաշար լրացնեն՝ նշելով իրենց կոնտակտային տվյալները, տեղեկություններ վերջին 14 օրում ուղևորությունների մասին և Վրաստանում գտնվելու վայրը։

Ըստ այցելուի ցանկության, կամ եթե օդանավակայանում նրա մոտ 37-ից բարձր ջերմություն գրանցվի, կորոնավիրուսի առկայության ՊՇՌ թեստ կանցկացվի։

Պարտադիր թեստավորում կամ կարանտին է նախատեսված այն անձնաց համար, որոնք այցին նախորդող 14 օրում եղել են կորոնավիրուսի մեծ տարածմամբ երկրում, որը ԵՄ անդամ չէ։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող արտակարգ դրոթյունը մայիսի 22-ից չեղարկվել է։ Երկրում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է վարակի 963 դեպք, որից 841 մարդ ապաքինվել է, 15-ը՝ մահացել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---