29 հունվարի 2009 - 14:47 AMT
2009 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի ամրապնդել իր առաջատար դիրքերը հայկական շուկայում
Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, «ՄՏՍ-Շարժական հեռահամակարգեր» ԲԲԸ դուստր ձեռնարկություն ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահպանել է իր դիրքերը նաեւ 2008 թվականին: Անցյալ տարի ընկերության բաժանորդների թիվը հասավ 2 մլն` կազմելով շուկայի 78 տոկոսը: Ընկերությունը նաեւ ավելացրել է իր ծառայությունների եւ ապրանքատեսակների քանակը, ինչպես նաեւ գրանցել է վաճառքների ծավալների զգալի աճ: Այդ մասին Երեւանում մամլու ասուլիսի ժամանակ հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով, 2008թ. ընկերությունը առավել հասանելի դարձավ իր բաժանորդների համար շնորհիվ Հայաստանի ողջ տարածքում գործող սպասարկման 95 կենտրոնների, որոնք աշխատում են շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի: «2009 թվականը եւս խոստանում է լինել հարուստ եւ հագեցած: Մեր ընկերությունը լիովին պատրաստ է մարտահրավերներին եւ վստահ է իր ուժերին: Ստեղծված է պրոֆեսիոնալների համախմբված թիմ, մենք ամուր դիրքեր ունենք շուկայում եւ կշարունակենք առաջատարը լինել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետեւողականորեն կամրապնդի իր առաջատար դիրքերը նոր ապրանքատեսակների եւ ծառայությունների ներմուծման շնորհիվ»,-նշել է Յիրիկյանը` հավելելով, որ ընկերությունը կշարունակի իր կորպորատիվ սոցիալական նախագծերը, որ ուղղված են Հայաստանի շրջանների աջակցությանն ու զարգացմանը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակել է հստակ ուղղվածության ծրագրեր` «ՎիվաՍել-ՄՏՍ-ը` երեխաներին», «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակույթի բարեկամ», «ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպորտի գործընկեր»,-ասել է ընկերության գլխավոր տնօրենը:

Ռալֆ Յիրիկյանը նշել է նաեւ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի օպերատորի բջջային կապի ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 99,2 տոկոսը: Բացի այդ, հունվարի 16-ին ընկերությունը հայտարարեց չինական HUAWEL Technologies ընկերության հետ համագործակցության մասին, որը նոր տեխնիկա կտրամադրի եւ կկատարի մոնտաժային աշխատանքներ Հայաստանում նոր սերնդի 3G ցանցի ներդրման համար: «Նախնական փուլում այդ ցանցը հասանելի կլինի Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում: Նոր սերնդի ցանցը հնարավորություն կտա լուրջ առաջընթաց արձանագրել շարժական կապի ոլորտում եւ խթանել նորագույն տեխնոլոգիաների կիրառումը»,-նշել է Ռ.Յիրիկյանը:

Ռ.Յիրիկյանը նշել է նաեւ, որ 2008թ. իր գլխավորած ընկերությունը առաջին տեղն է զբաղեցրել Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում: «2008թ. մենք պետբյուջե ենք փոխանցել շուրջ 30.8 մլրդ դրամ: Մեր ընկերությունում աշխատում է 1200 հոգի: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չի անդրադառնա մեր աշխատակիցների վրա, նրանց թիվը չի կրճատվի»,-հայտարարել է նա:

Իր հերթին, ընկերության փոխնախագահ, «ՄՏՍ Արտերկրի ընկերություններ» բիզնես-միավորի տնօրեն Օլեգ Ռասպոպովն իր հերթին ասել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր ցուցանիշներ ունի եւ գերազանց արդյունք: «2009թ. 3G ցանցի գործարկմամբ բջջային կապի հայկական շուկայում կներկայացվեն առավել գրավիչ ինովացիոն ապրանքատեսակներ եւ ծառայություններ»,-հայտարարել է Օ.Ռասպոպովը: