29 հունվարի 2009 - 16:21 AMT
Հանդիպումը Ցյուրիխում չհանգեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացին
Հանդիպումը Ցյուրիխում չհանգեցրեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացին, ինչը եւ սպասելի էր: Այնպես որ մեկնաբանելու առանձնապես ոչինչ չկա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: «Ես չեմ կարծում, որ 2009թ. որեւէ առաջընթաց է հնարավոր, քանի դեռ ԼՂՀ-ն վերջնականապես չի ճանաչվել, եւ չեն սկսվել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի` որպես ճանաչված եւ հավասարազոր կողմերի միջեւ ուղղակի բանակցությունները: Դա ցանկացած բանակցային գործընթացի այբուբենն է: Այն առաջարկությունները, որոնք բխում են ադրբեջանական կողմից, ակնհայտ եւ հասկանալի պատճառներով անընդունելի են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Դրանց ոչ կառուցողական բնույթը գնալով ավելի ակնհայտ է դառնում նաեւ արտասահմանյան փորձագետների ու դիվանագետների համար, ինչը հերթական անգամ ցույց տվեց օրերս Մոսկվայում տեղի ունեցած «Հակամարտությունները Հարավային Կովկասում. անձի անվտանգության խնդիրները» միջազգային համաժողովը: ԼՂՀ դիրքորոշումը ընկալվեց համաժողովում»,- ընդգծել է Զարգարյանը:

Հունվարի 28-ին Ցյուրիխում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: