Ծառուկյան․ Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը՝ դա կարող է անդրադառնալ աշխատավարձերի և թոշակների վրա

Ծառուկյան․ Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը՝ դա կարող է անդրադառնալ աշխատավարձերի և թոշակների վրա

PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծավալուն հայտարարություն է տարածել՝ մասնավորապես, ասելով, որ շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, ինչը որոշ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակների վրա։

«Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում ունենալու ենք 200-300,000 նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ։ Իշխանությունը լավ չի պատկերացնում, որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները կարող են չունենալ այդ հնարավորությունը և, հետևաբար, չունենալ ընտանիքները պահելու միջոցներ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» կազինոն չէր վճարել 2020-ի 3-րդ եռամսյակի համար պետտուրքը (տարեկան վճարման ենթակա հումարը՝ 5․5 մլրդ դրամ)։ Դրա պառճառով ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել խաղատան լիցենզիան։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ արշավ սկսվել՝ ԲՀԿ առաջնորդը նշել է․ «Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից»։

«Եթե մենք տապալենք աշնանացանը, ուտելու բան երկրում չի լինելու։ Գալու է խաղողի մթերման ժամանակը. պետությունը գիտի՞, որ գինու և կոնյակի սպառումը մինչև 60-70% անկում ունի։ Մթերող գործարանները ոչ փող ունեն, ոչ էլ տեղ՝ նոր մթերումների համար։

Համաճարակի վիճակը, որը կա Հայաստանում, աղետ է։ Սխալը սխալի հետևից է թույլ տրված։ Եթե մենք դեռ չենք հասել ողբերգության, միայն բժիշկների և ժողովրդի մի մասի շնորհիվ, որ միմյանց օգնող, միմյանց հասնող են»,-ասվում է հայտարարության մեջ։

ԲՀԿ առաջնորդն առաջարկում է լրջանալ ու աշխատել․ լսել խորհուրդներ, ուրիշների առաջարկները, դուրս գալ կաբինետներից, շփվել մարդկանց հետ, կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ, ազատվել այն կադրերից, որոնք չեն կարողանում աշխատել։

ԲՀԿ առաջնորդը անդրադարձել է նաև իր անելիքներին: «Ես հանձնարարություն եմ տվել՝ մշակել խոշոր ներդրումային ծրագրեր։ Երկիրը այս վիճակից դուրս բերելու համար խոշոր շրջադարձային ծրագրեր են պետք՝ մեծ կապիտալով, որոնք միանգամից մեծ թվով մարդկանց կապահովեն աշխատանքով։ Ես իմ անձնական կապերով և անձնական հեղինակությամբ կբանակցեմ ներդրողների հետ։ Իշխանություններից ոչ մի աջակցություն պետք չէ։ Միտումնավոր չխանգարեն՝ արդեն լավ է», - նշել է նա։

Ծառուկյանը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին՝ շեշտելով, որ պետք է փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ «Սա և՛ ազգային անվտանգության խնդիր է, և՛ հնարավոր ներդրումների և մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա խնդիրներին առնչվող հարց»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---