29 հունվարի 2009 - 17:33 AMT
ԵԱՀԿ ՄԽ հույս ունի, որ մոտ ապագայում Երեւանն ու Բաքուն կկարողանան հաշտության պայմանագիր կնքել Ղարաբաղի շուրջ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) հույս են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ ապագայում կկարողանան հաղթահարել տարաձայնությունները եւ հաշտության պայմանագիր կնքել, որը, համանախագահների խոսքով, առավել ընդունելի է հակամարտության բոլոր կողմերի համար, քան ստատուս-քվոն: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

«Մեր նպատակը արդար եւ հավասարակշռված համաձայնագրի ստորագրումն է Հելսինկյան Ամփոփիչ արձանագրության հիման վրա, որը ներառում է տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ բռնության չկիրառման բոլոր սկբունքները: Համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել են նրանց մոտեցումները 2007թ. նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի ժամանակ կողմերին կատարված առաջարկների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հիմնական սկզբունքների վերջնական կողմնորոշման հարցում»,- նշվում է փաստաթղթում, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

Հունվարի 19-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցելեցին Բաքու, որտեղ հանդիպեցին նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Հունվարի 20-ին նրանք ժամանեցին Երեւան, որտեղ հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այդ հանդիպումներից հետո` հունվարի 27-ին Ցյուրիխում համանախագահները բանակցություններ վարեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնց արդյունքում հունվարի 28-ին կայացավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: