«Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակների դեմ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը դրական քայլ է Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) շարունակում է կոչ անել Թուրքիային հաշտվել իր ցեղասպան անցյալի հետ եւ նոր աջ բացել հայ-թուրքական հարաբերություններում: «ԱՀՀ-ն, իմանալով հայ ժողովրդից ներողություն խնդրելու ակցիայի մասին, գնահատեց այն որպես Թուրքիայում անդառնալի մի գործընթացի սկիզբ: Իսկ Անկարայի դատախազության որոշումը «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակների դեմ քրեական գործ չհարուցելու մասին, ճիշտ ուղղությամբ արված եւս մեկ քայլ է»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:



Նրա խոսքերով, Համագումարը դեռեւս մտահոգված է այն հնարավոր արձագանքով, որը կարող է ունենալ այդ ակցիան: Թուրքիան դեռեւս շատ բան ունի անելու սեփական պատմության հետ հաշտվելու գործում, սակայն դատախազության նման որոշումն անկասկած, դրական քայլ է, հատկապես, եթե հաշվի առնենք Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որը դեռեւս սպառնալիք է այդ երկրի քաղաքացիների համար պատմական ճշմարտությունը ճանաչելու գործում»,-ընդգծել է Բրայան Արդունին:



Անկարայի դատախազությունը հրաժարվեց քրեական պատասխանատվության կանչել «Հայեր, ներեք մեզ» ակցիայի նախաձեռնողներին, ելնելով նրանից, որ «ժողովրդավարական հասարակության մեջ խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը պարունակում է նաեւ հակառակ կարծիք հայտնելու իրավունք: Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ընդգծել է, որ երբեք հավանություն չի տվել այս արշավին: Մենք հանցագործություն չենք կատարել, ուստի եւ ներողություն չպետք է խնդրենք: Այդ հարցով պետք է պատմաբանները զբաղվեն: Նման նախաձեռնությունները նահանջ են Թուրքիայի համար»,-ասել է նա:



«Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը մեկնարկեց Ինտերնետում 2008 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս պահի դրությամբ կոչի տակ ստորագրել է շուրջ 28 հազար մարդ: Ակցիայի նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների, հասարակական գործիչների շուրջ 200 ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---