Ալիևը չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը տնից էր աշխատում

Ալիևը չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը տնից էր աշխատում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիևը կտրուկ քննադատության է ենթարկել երկրի ԱԳՆ աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերին ու վերջին ամիսների ընթացքում։

Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին։

«Ինչո՞վ էր զբաղված ԱԳ նախարարը, ո՞ւր էր։ Մենք աշխատանքի էինք․․․ ես չէի կարողանում գտնել ԱԳ նախարարին։ Հարցրեցի վարչապետին՝ ուր է։ Նա էլ քեզ ի՞նչ ասաց, ասա»,- դիմել է Ալիևը վարչապետ Ալի Ասադովին։

Վերջինս պատասխանել է, որ Մամեդյարովն ասել է, թե տնից է աշխատում։

«Ես փոխանցեցի նրան աշխատելու ուղեցույցները, ասացի, որ այսպես չի կարելի, բոլորս աշխատանքի ենք․․․ ինչո՞ւ ես տանը», - ասել է Ասադովը, նշում է «Ինտերֆաքսը»։

Շաբաթներ առաջ պատմել էինք Մամեդյարովի գլխին կուտակվող սև ամպերի մասին:

Ալիևը քննադատել է նաև ԱԳՆ աշխատանքը։

«Մեր դիվանագիտությունն անհամատեղելի է երկրի հաջող զարգացման հետ, անիմաստ բանակցություններով է զբաղված․․․ ինչպիսի՞ քննարկում կարող է լինել Հայաստանի հետ կորոնավիրուսի հարցով։ Մենք ինչ է՝ Հայաստանի հետ գործակցե՞լ ենք սկսել», - ասել է նա։

Ըստ Ալիևի՝ Մամեդյարովը պիտի ՀՀ հետ պայմանավորվեր Ղարաբաղի հարցով, բայց չի կատարել առաջադրանքը։

«ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է՝ և վերջ»։ Սրան ես եմ պատասխանում։ ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։ Ես չեմ լսել, ժողովուրդը չի լսել։ Առաջին հերթին՝ ո՞վ պետք է արձագանքեր․ ԱԳՆ-ն։ Ես ասել եմ՝ Հայաստանի հետ գործակցություն չի լինի, քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա», - ընդգծել է Ալիևը։

Մայիսին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվեցին Մամեդյարովի որդու՝ Մանհեթենում թանկարժեք բնակարանների մասին տեղեկությունները, որոնց հետևեց ԱԱԾ գործողությունն ԱԳՆ-ում։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի