Հովհաննիսյան. Հակառակորդը կրակել է նաև Գեղարքունիքի ու Նախիջևանի ուղղությամբ

Հովհաննիսյան. Հակառակորդը կրակել է նաև Գեղարքունիքի ու Նախիջևանի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ի գիշերը հակառակորդի կողմից մոտ 120 կրակոց է արձակվել՝ հիմնականում հրաձգային զինատեսակներից, չեն կիրառվել հրետանային միջոցներ, սահմանին լարվածությունը զգալի թուլացել է, հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Կրակոցներ եղել են ոչ միայն Տավուշի բուն մարտական գործողոթյունների շրջանում, այլև Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով՝ նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ են հնչել նաև Գեղարքունիքի հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի ուղղությամբ, Նախիջևանի 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածում»,- ասել է նա։

Հովհաննիսյանը նաև նշել է, որ որևէ գործողություն այդ հատվածում չի նախաձեռնվել, հնչել են միայն կրակոցներ։

Նրա խոսքով՝ նախորդ օրերին վիրավորված զինծառայողների վիճակում փոփոխություն չկա, մեկ հոգու վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, բայց կայունություն կա։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---