Վիրավորների մասով ՔԿ-ի ու ՊՆ-ի տվյալներում հակասություն չկա, տարբեր կերպ են հաշվարկում

Վիրավորների մասով ՔԿ-ի ու ՊՆ-ի տվյալներում հակասություն չկա, տարբեր կերպ են հաշվարկում

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետևանքով վիրավորների մասին ՀՀ քննչական կոմիտեի և պաշտպանության նախարարության հրապարակած թվերի մեջ որևէ իրական հակասություն չկա, ՔԿ-ն ցանկացած վիրավորման, շոկի պարագայում վարույթ է հարուցում, այդ պատճառով իրենց մոտ վիճակագրությունն ավելի բարձր է ստացվում, հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Իր հերթին, ՔԿ-ն հայտնել էր, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների տեսքով։ ՔԿ-ից նաև նշել են, որ իրենց ու ՊՆ-ի գնահատականները կարող են չհամապատասխանել՝ հաշվի առնելով կառույցների գործառույթներն ու առանձնահատկությունները:

«36 դեպք ընդհանրապես է եղել, որոնց մեծ մասը ոտքի վրա, որևէ բժշկական միջամտության կարիք չի եղել, զինծառայողներն արագ վերադարձել են շարք։ 20 զինծառայողի բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ն են շարունակվում բուժվել, նրանցից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---