Թուրք պաշտոնյա․ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը միշտ Ադրբեջանի տրամադրության տակ է

Թուրք պաշտոնյա․ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը միշտ Ադրբեջանի տրամադրության տակ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը մշտապես Ադրբեջանի տրամադրության տակ է՝ իր անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով, զինամթերքով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և այլն, ինչպես նաև փորձով և հմտություններով։ Այս մասին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտնել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևին։

Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանին բախումների հարցում իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ հայտարարելով, որ նրանց կողքին է «տարածքային ամբողջականության» պաշտպանության հարցում։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։

Դեռ հուլիսի սկզբին Զաքիր Հասանովը հայտարարել էր Թուրքիայից ԱԹՍ-ներ ձեռք բերելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Գործարքը հնարավոր է լինի հարվածային Bayraktar TB2-ների կամ Anka-S-երի շուրջ:

Bayraktar TB2-ը թուրքական արտադրության հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Anka-S-ը նույնպես հարվածային անօդաչու է, որի գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում 200 կմ է, առավելագույն արագությունը 217 կմ/ժամ է, թռիչքի առավելագույն տևողությունը 24-32 ժամ է։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 200 կգ է։ «Անքա» ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---