Forbes. ԱԹՍ-ների պատերազմում Ադրբեջանը սպառնում է չերնոբիլյան ոճի «աղետով»

Forbes. ԱԹՍ-ների պատերազմում Ադրբեջանը սպառնում է չերնոբիլյան ոճի «աղետով»

PanARMENIAN.Net - Forbes հեղինակավոր պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված մարտական գործողություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը սպառնացել է հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։ Չնայած Ադրբեջանի բանակի զինանոցում հեռահար բալիստիկ հրթիռների առկայությանը՝ պարբերականը կասկած է հայտնել, որ դրանցով հնարավոր է ճշգրտությամբ խոցել Մեծամորի ատոմոկայանը։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը սպառնացել էր հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին՝ իբրև թե հակադարձելով հայկական կողմի՝ Մինգեչաուրը խոցելու սպառնալիքին։ Հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։

Օրինակ են բերվում բելառուսական արտադրության Polonez և իսրայելական Lora հրթիռները։ Նշվում է, որ Polonez-ները, որոնք ըստ հայտարարությունների, ունեն խոցման 30 մետրի անճշտություն, կարող են բավարար ճշգրիտ չլինել կոնկրետ շինություն խոցելու համար։ Իսկ թեև Lora հրթիռներն ավելի ճշգրիտ են՝ 10 մետրի անճշգրտությամբ, դրանցով հստակ և փոքր չափսի թիրախ խոցելը հեշտ չի լինի։

Forbes-ը զուգահեռներ է տանում Մեծամորի և Չերնոբիլի ատոմակայանների միջև՝ նշելով, որ երկուսն էլ կառուցվել են 1970-ական թվականներին։ Նշվում է, որ Մեծամորը փակվել է 1988 թվականի երկրաշարժից հետո, սակայն վերաբացվել է 1994-ին՝ Հայաստանի էլեկտրականության կարիքներով պայմանավորված։ Այս կայանը երբեմն նկարագրվում է որպես աշխարհի ամենավտանգավոր ԱԷԿ։

Պարբերականը գրում է, որ ռազմավարական թիրախները խոցելն առաջ հիմնականում զարգացած ռազմաօդային ուժերով երկրների մենաշնորհն էր, սակայն անօդաչու թռչող արքերի տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նույնիսկ փոքր երկրները կարող են բարձր ճշգրտությամբ հեռահար հարվածներ հասցնել՝ շնորհիվ ուղիղ ժամանակով տեսապատկերի։ Դրա վառ օրինակն է 2019-ին հութիների կողմից Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերական գործարանին հասցրած հարվածը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---