27 հուլիսի 2020 - 12:27 AMT
Հարությունյան․ Բարձր միավորով բուհ չընդունված 6 դիմորդի այլ լուծում է առաջարկվել

2020-ին միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, համաձայնել է 4 դիմորդ, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված 223 դիմորդ կա, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին՝ հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները՝ դիմել բուհեր: Այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, որին համաձայնություն է տվել 4 դիմորդ»,- հայտարարել է նա։

Հարությունյանը նշել է, որ Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020-ի ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11,979 դիմորդ, մասնակցել՝ 11,648: Դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ:

Հարությունյանը հայտնել է նաև, որ թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը:

2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու համար մեկ միասնական քննություն էր նշանակվել։ Ընդունելության համար առաջնային էր համարվել առաջին հայտի սկզբունքը։ Արդյունքում մի քանի օր դիմորդների ծնողները բողոքում էին, որ բարձր միավորներ ստացածները չեն կարողացել ընդունվել իրենց ցանկացած ֆակուլտետը։ ԿԳՄՍՆ-ից նրանք պահանջում էին ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնել։ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է բուհ չընդունվածներին նույն ֆակուլտետների հեռակա բաժնում սովորել։