ԱԳՆ․ Ադրբեջանի ղեկավարությունը սադրանքներով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափմանը

ԱԳՆ․ Ադրբեջանի ղեկավարությունը սադրանքներով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերին և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը: Այդ մասին ասվում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ, որտեղ նա արձագանքել է Ադրբեջանի և Թուրքիայի լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին հայտարարությանն ու ադրբեջանական կրակոցից հայ զինծառայողի մահվանը։

«Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Հատկանշանական է, որ Ադրբեջանն այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին: Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը ձեռնարկել է գրոհ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ, ետ շպրտվել: Հուլիսի 22-ից հարաբերական կայուն իրավիճակ էր, սակայն, հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը։

Հուլիսի 29-ին Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսելու։ Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։

Ընթերցեք նաև․ Պուտինն Էրդողանի հետ զրույցում կարևորել է հայ-ադրբեջանական լարվածության էսկալացիային նպաստող գործողությունների բացառումը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---