Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի կալանքի վերացման հարցը կորոշվի օգոստոսի 4-ին

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի կալանքի վերացման հարցը կորոշվի օգոստոսի 4-ին

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը։ Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին խոսել է նաև Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ նրա գույքի վրա դրված կալանքն ապօրինի է ու հարյուր տոկոսով պետք է վերացվի։

Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, տեղեկացնում է Aysor.am-ը։

Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշել է, որ արգելանք է դրված ոչ միայն նրա, այլև՝ ազգականների գույքի վրա։

«Տարակուսելին այն է, որ այս քրեական գործին այդ անձիք որևէ առնչություն չունեն ու չեն էլ կարող ունենալ, որևէ դատավարական կարգավիճակ չեն ունեցել, բայց նրանց սեփականության իրավունքն անհասկանալիորեն սահմանափակվել է», - ասել է Ալեքսանյանը։

Փաստաբանի խոսքով՝ արգելանք է դրված Գևորգյանի հաշիվների վրա ու նա մինչև օրս չի կարող օգտվել իր օրինական ստացված վարձատրությունից՝ աշխատավարձից: Արգելանք է դրված նաև Գևորգյանի՝ Կոտայքի մարզում գտնվող հողատարածքի վրա։

Հովհաննես Խուդոյանը նշել է, որ 2018 թ. հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։ Ընդ որում, ըստ փաստաբանի՝ արգելանքը դրվել է առանց հաշվի առնելու Քոչարյանն ունի՞ բաժնետոմսեր, արժեթղթեր կամ որևէ ակտիվներ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը պահանջել է կալանադրված գույքի կազմի ու արժեքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև բանկային հաշիվների վերաբերյալ քաղվածք։ Փաստաբաններն այն կներկայացնեն հաջորդ նիստին։

Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---