2009թ. France Telecom-ը ծրագրում է Հայաստանում $70 մլն գումարի լրացուցիչ ներդրումներ կատարել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, «Գրանդ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Արման Փինարբասին:



Ողջունելով «Ֆրանս Տելեկոմ»-ի մուտքը Հայաստան` վարչապետը նշել է, որ մեր երկրում վաղուց էր հասունացել հեռահաղորդակցման ոլորտում եւս մեկ լուրջ ընկերության գործունեության անհրաժեշտությունը:

Պարոն Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ կառավարությանը` միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ անցկացնելու, ինչպես նաեւ Հայաստանում գործարարության համար գործունեության բարենպաստ պայմանների ապահովման համար:



Ներկայացնելով հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող «Ֆրանս Տելեկոմի» գործունեությունը` պարոն Դյութուան նշել է, որ «Օրանժ Արմենիան» դեռեւս ձեւավորման փուլում է եւ մտադիր է նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչեւ տարեվերջ ու այդ ժամկետում սկսել գործունեությունը: Նա տեղեկացրել է, որ 2009թ. ընթացքում ընկերությունը նախատեսում է եւս 70 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել, նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մարզերում` ընդգրկելով ազգաբնակչության հնարավորինս լայն շրջանակներ:



Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ֆրանս Տելեկոմի» մուտքը հայաստանյան շուկա կարեւորել է մի քանի տեսանկյունից: Ըստ նրա, նախ ավելանում է մրցակցությունը հեռահաղորդակցման ոլորտում, որի արդյունքում շահելու են սպառողները, ինչը նաեւ նշանակում է նոր ներդրումներ ու նոր աշխատատեղեր: Այդ հանգամանքը, կառավարության ղեկավարի խոսքով, առավել կարեւոր է ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում: Տիգրան Սարգսյանի համոզմամբ, «Օրանժ Արմենիան» իր հետ Հայաստան է բերելու նոր բիզնես-մշակույթ: Ըստ կառավարության ղեկավարի, ընկերության գործունեությունն այդ ամենի արդյունքում կնպաստի նաեւ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերությանը` մեր երկրում նրա գործունեության մեջ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---