Դուբայի «Դելտա փարթներս» ընկերությունը խոշոր ներդրումներ է կատարել «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի»-ում

PanARMENIAN.Net - «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն (ADC) նոր ներդնող է ներգրավել` ի դեմս Դուբայի առաջատար «Դելտա փարթներս» ներդրումային ընկերության: «Մենք ցանկանում ենք հաղորդել, որ նոր ներդնող եւ գործընկեր ունենք «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) կառույցում. դա «Դելտա փարթներս» ընկերությունն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը: Նրա խոսքով, ներդրումային փաթեթի ընդլայնման այդ որոշմանը հանգել են ADC համատեղ ընկերության հայկական եւ նորվեգական կողմերի գործող ներդնողները: «Նպատակը կայանում է նրանում, որպեսզի 6 մլն դոլար ներդրվի ADC ներդրումային կապիտալի մեջ»,- ավելացրել է գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը:



Նրա խոսքով, ինտեգրված ծառայությունների փաթեթ հատկացնելով` «Դելտա փարթներս»-ի միջազգային մասնագիտական փորձառությունը թույլ կտա ամրապնդելու ADC դիրքերը: Դա թույլ կտա ADC-ին ընդլայնել իր գործունեությունը ինչպես Երեւանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այսօր հեռահաղորդակցության, մեդիայի եւ տեխոնոլոգիաների ոլորտում մասնագիտացող «Դելտա փարթներս» ընկերությունը միջազգային մակարդակով զբաղվում է խորհրդատվական եւ ներդրումային ծառայությունների մատուցմամբ: Ընկերության գործունեությունը ընդգրկում է Միջին Արեւելքը, Հյուսիսային Աֆրիկան, Ռուսաստանը, իսկ այժմ նաեւ` Հայաստանը:



ADC-ն այսօր արդեն Երեւանում ստեղծել եւ շահագործում է օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության ցանցը, որը հիմնված է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման վրա: Ընկերության բաժանորդների թվում մեծ քանակությամբ մասնավոր հաճախորդներ են, պետական, բանկային եւ ֆինանսական ոլորտների, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բնակարանային բաժանորդներ:



«Մեր բիզնեսի իրագործման մեջ ներդրված գլխավոր նպատակը, առաջին հերթին, քաղաքի խիտ բնակեցված թաղամասերում եւ դրանցից դուրս հեռահաղորդակցման ցանցերը խտացնելն է»,- ասել է ADC գլխավոր տնօրենը:- Մեր գործունեության երկրորդ ուղղությունը շուկայի ընդլայնումն է Հայաստանի սահմաններից դուրս` ներառյալ Վրաստանը»,- ավելացրել է նա:



«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն (ADC) հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է, որը հիմնադրվել է 2006թ. ապրիլին: Գերժամանակակից IP/MPLS տեխնոլոգիաների կիրառման վրա հիմնված օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության ADC ցանցը ունի ավելի քան 400 կմ երկարություն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---