3 փետրվարի 2009 - 18:47 AMT
Տնտեսական ճգնաժամը չի ազդել «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի»-ի գործունեության վրա
Տնտեսական ճգնաժամը չի ազդել «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի գործունեության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը: «Նախ, մենք «Դելտա փարթներս»-ի հետ ներդրումների մասին բանակցությունները սկսել ենք տնտեսական ճգնաժամից շատ առաջ»,- հաղորդեց նա: Հարալդ Գրիթենի խոսքով, դեռեւս նախքան ի դեմս Դուբայի «Դելտա փարթներս» ներդրումային ընկերությանը նոր գործընկեր ներգրավելը, ADC ընկերության մեջ արդեն կատարվել էին ավելի քան 6 մլն դոլարի ներդրումներ:

«Թեեւ բանակցությունների գործընթացը շատ ժամանակ է պահանջում, մեզ հաջողվեց ավարտել այն տնտեսական ճգնաժամի ամենաբուռն պահին»,- ավելացրեց նա` նշելով, որ դա վկայում է այն մասին, որ նոր ներդնողը ըմբռնումով է մոտեցել ընկերության հնարավորություններին, շաուկայում նրա զբաղեցրած տեղին, վարած բիզնեսին, ինչպես նաեւ կարողացավ ճիշտ գնահատել Հայաստանը` որպես ներդրումների համար բարենպաստ երկիր:

Իսկ ինչ վերաբերում է բնակարանային բաժանորդներին ADC ընկերության հատկացրած ծառայությունների գներին, ապա, ինչպես ասաց ADC գլխավոր տնօրենը, դրանք հարմարեցվելու են շուկայական գներին, բայց որակով չեն զիջելու այլ ընկերությունների հատկացրած նույնանման ծառայություններին: Նշենք, որ Հայաստանում այդպիսի ծառայությունները միջին հաշվով սպառողների վրա նստում են ամսական 8-10 հազ. դրամ:

Մամլո ասուլիսի ընթացքում Հարալդ Գրիթենը պարզաբանեց «ծառայությունների ինտեգրված փաթեթի» իմաստը. «Ծառայությունների մատուցման ժամանակ մենք ցանկանում ենք մեկ փաթեթի մեջ ընդգրկել զանազան ծառայությունների ամբողջությունը, այն է` հիմնական Ինտերնետ + հավելյալ ծառայություններ: Նրա խոսքով, փաթեթի մեջ ընդգրկված ծառայությունների մի մասը հատկացնելու է ADC-ն, իսկ հավելյալ ծառայությունների սպասարկման համար հրավիրվելու են նաեւ այլ գործընկերներ: «Առաջին հերթին ծառայությունների ընդհանուր փաթեթի մեջ մտնելու են IP-հեռահաղորդակցությունը եւ մեդիային հատուկ էլեկտրոնային ծառայությունները»,- ասաց ADC գլխավոր տնօրենը:

Ինչպես ասվեց մամլո ասուլիսին, ADC գործունեության «առանցքային քարը» Ինտերնետ-ծառայությունների որակյալ փաթեթի (0.5-2 մեգաբիթ արագությամբ) հատկացումն է լինելու եւ ներդրումներից ստացված եկամուտների ձեռքբերումը անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում: